Նոր ծրագրեր՝ նոր կիսամյակում. դասերի մեկնարկով ՀՊՏՀ-ում աշխուժացել է ֆակուլտետային կյանքը

Դիտումների քանակ՝ 1089

2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկով (փետրվարի 10-ից) ՀՊՏՀ-ում աշխուժացել է ֆակուլտետային կյանքը: Ֆակուլտետներում ուսումնական գործընթացը բնականոն հուն է մտել, նախատեսվում են միջոցառումներ, նոր ծրագրեր: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը դեկանների հետ ճեպազրույցում տեղեկացավ սպասվող իրադարձությունների, ինչպես նաև անելիքների մասին:

Ֆինանսական ֆակուլտետի դեկանի ժ/պ Զաքար Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆակուլտետում դասերն ընթանում են բնականոն հունով՝ համաձայն դասացուցակների: «Այս կիսամյակում նախատեսվում է է'լ ավելի ամրապնդել գործատուների հետ կապերը, հրավիրել նրանց բաց դասեր, սեմինարներ  անցկացնելու. սա առաջին հերթին միտված է ուսանողների տեսական և գործնական գիտելիքները զարգացնելուն: Ուսումնական գործընթացն ընթանում է պատշաճ: Ընթացքի մեջ են նաև փորձառությունները. կապի մեջ ենք մի շարք առաջատար ընկերությունների հետ, որտեղ փորձառություն են անցնում մեր ուսանողները: Շատ ուսանողներ աշխատանք են գտնում հենց այս ընթացքում: Շուտով (մարտին) նախատեսում ենք հանդիպում կազմակերպել մեր ֆակուլտետի գերազանցիկ ուսանողների հետ և շնորհակալագրեր հանձնել նրանց: Մի շարք միջոցառումներ էլ դեռ մշակման փուլում են»,- ասաց Զաքար Կիրակոսյանը:

Հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանն ընդգծեց, որ ուսանողները կիսամյակը լավ են սկսել՝ ակտիվորեն հաճախում են դասերի: «Առաջիկայում նախատեսում ենք բաց դաս անցկացնել աուդիտորական կազմակերպություններից որևէ մեկի հետ: Ակտիվ համագործակցում ենք գործատուների հետ, ովքեր ավարտական կուրսերի ուսանողներից կադրեր են ընտրում իրենց համար: Փորձառությունը լավ է ընթանում, մեր ֆակուլտետից 5 ուսանողներ օրերս աշխատանքի են անցել հաշվապահական տարբեր կազմակերպություններում, իսկ 15 ուսանողների անուններ էլ այս պահի դրությամբ բազայում են՝ որպես հավանական թեկնածուներ: Գործատուները գոհ են մեր թողարկած կադրերից, փորձը վկայում է ՝ մեր  ուսանողների պահանջարկը նրանց կողմից մեծ է»-համոզմունք հայտնեց դեկանը:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս կիսամյակում առավել խստացվելու է հսկողությունը հաճախումների նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, առկա մագիստրատուրայի մասին է: «Ինչ վերաբերում է ներֆակուլտետային ծրագրերին, նշեմ, որ ավանդական դարձած միջոցառումները կշարունակվեն, բացի դրանից, ընթացքում ծնվում են շատ գաղափարներ, որոնք իրականացնում ենք՝ ուսումնական գործընթացն ու առօրյան հետաքրքիր և օգտակար դարձնելու համար»,- ասաց դեկանը:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց որ մշտապես ուշադրության կենտրոնում է ուսման որակի հարցը, դասախոսների, ուսանողների փոխհարաբերությունները: Բաց դասերը, սեմինարներն ու քննարկումները ուսումնական առօրյայի կարևոր մասն են կազմում:

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի ժ/պ Մանուկ Մովսիսյանը տեղեկացրեց, որ այս կիսամյակի սկզբին հանդիպել է 1-ին կուսեցիների հետ, նրանց հետ զրուցել ուսումնական գործընթացի, զեղչերի և ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի մասին:

Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը նշեց, որ 2-րդ կիսամյակում հիմնական ուշադրությունը դրվում է ավարտական կուրսերի՝ ամփոփիչ ատեստավորման քնությունները կազմակերպելու վրա: Ուսումնական գործընթացը լավ է ընթանում:

Դեկաններից տեղեկացանք նաև ներֆակուլտետային մի շարք այլ նորությունների, որոշ ուսանողների հաջողությունների ու ձեռքբերումների մասին, որոնց կանդրադառնանք առանձին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին