Հաշվետվություն, աշխատանքային պլանի հաստատում և մի քանի այլ հարցեր՝ գիտխորհրդի նիստում

Դիտումների քանակ՝ 1235

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը ուրբաթ՝ փետրվարի 7-ին, գումարեց այս տարվա իր առաջին նիստը: Օրակարգը հաստատելուց հետո գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ համալսարանի 2013 թվականի գիտահետազոտական գործունեության արդյունքների և 2014 թվականի խնդիրների մասին զեկուցմամբ՝ ներկայացնելով համալսարանի գիտական կյանքը՝ մասնավորապես շեշտելով, որ հաշվետու ժամանակաշրջանում համալսարանում շարունակվել են ամբիոնային 54 թեմաներով գիտահետազոտական աշխատանքները, կատարվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 3 դրամաշնորհային թեմաներ, ինչպես նաև 13 ներհամալսարանական գիտական դրամաշնորհային թեմաներ (որում ընդգրկվել են 70 դասախոսներ, ասպիրանտներ և ուսանողներ), մեկնարկել են հետազոտություններ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրերի 15 հետազոտական ուղղություններով (այստեղ ներգրավված են եղել շուրջ 90 դասախոսներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, պետական կառավարման մարմինների աշխատակիցներ, մասնավոր հատվածի փորձառու մասնագետներ): Պրոռեկտորն անդրադարձավ նաև համալսարանականների գիտական հրապարակումներին, տարատեսակ գիտաժողովներին նրանց մասնակցությանը, համալսարանում կազմակերպված գիտաժողովներին, սեմինարներին, գիտական կյանքում ուսանողների ներգրավվածությանը, ինչպես նաև լուծման ենթակա առկա հիմնախնդիրներին:

«Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները գոհացուցիչ են, կարևոր է, որ համալսարանում ստեղծվել է գիտական մթնոլորտ: Չնայած որոշակի թերություններին՝ 2013թվականին առաջին անգամ էր, որ բուհն այսպիսի լայնածավալ գիտական գործունեություն էր իրականացնում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Գագիկ Վարդանյանն ու հույս հայտնեց, որ 2014թ. գիտական գործունեությունն ավելի արդյունավետ կլինի:

Պրոռեկտորի զեկուցումից հետո ելույթի խոսք խնդրեցին միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ  Միքայել Մելքումյանն ու փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը՝ ողջունելով նախորդ տարի բուհի կողմից իրականացված աննախադեպ գիտական գործունեությունը, նաև առաջարկելով հետագայում ևս շարունակել սկսած նախաձեռնությունները: Գիտխորհուրդը հաշվետվությունը գնահատեց բավարար:

Գիտական խորհրդի 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը հաստատելու մասին օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: «Բանկային գործ» մասնագիտացման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննությունների առարկայական ցանկը հաստատելու, ինչպես նաև ուսումնական բեռնվածության ժամերի բաշխման մասին հարցերը ներկայացրեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռկետոր Պարույր Քալանթարյանը: Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված  հարցերը:

Քննարկվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի քանի հարցեր: Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց Եղեգնաձորի մասնաճյուղում կազմակերպված «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին