ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպումը
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Տեմպուսի «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպումը, որին ներկա էին ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, «Արարատ» ծրագրի կառավարման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ծրագրի շահակից գործընկերները:
Ներսես Գևորգյանը ողջունեց ներկաներին, ապա ամփոփեց նախորդ ամիսներին կատարված աշխատանքը՝ մշտադիտարկման արդյունքներով: Մասնավորապես, վերջինս անդրադարձավ Տեմպուս ծրագրերի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շտեյդելի հայաստանյան այցի ընթացքում անցկացվածմշտադիտարկման արդյունքներին և առանձին-առանձին անդրադարձավ այն հանձնարարականներին, որոնք տվել է Շտեյդելը: Հանձնարարականներից մեկի համաձայն՝ նախատեսվում է ՀՊՏՀ-ում ստեղծել ցանց, որը կնպաստի առանձին բուհերի աշխատանքները համակարգելու գործին:
Սուսաննա Կարախանյանը նշեց, որ մշտադիտարկման կարևորություններից մեկն այն էր, որ պարզ դարձավ՝ մեր բուհերը ծրագրի շրջանակներում լավ են աշխատում և չեն զիջում եվրոպական երկրներին:
Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր, որոշվեց կարիքների գնահատման համար որոշակի ժամկետներում կազմել հարցաշարեր և վերլուծություն, որոնք պետք է ուղարկվեն մեր արտասահմանյան գործընկերներին:
Ռուբեն Թոփչյանը խոսեց աշխատանքների կատարման մեխանիզմների, ակնկալվող արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն Տեմպուսի «Արարատ» ծրագրի համակարգողն է: Ծրագիրը եռամյա է և նպատակաուղղված է համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ՝ հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին