«Ամբերդի» 2013թ. վերջին սեմինարը՝ «Էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները» թեմայով. հետազոտական տարվա ամփոփում
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր կայացավ այս տարվա վերջին գիտական սեմինարը ՝ «Էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները» խորագրով:
Նշենք, որ այս հետազոտական խմբի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը, խմբի անդամներն են՝ ք.գ.թ., դոցենտ Ռազմիկ Պետրոսյանը, տ.գ.թ., դոցենտ Ալիսա Գևորգյանը, մագիստրոս Հ. Լալայանը:
Ինչպես սեմինարին նշեցին բանախոսները, հետազոտության նպատակն է ՀՀ-ում տնտեսական զարգացման արդի պայմաններում էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնախնդիրների ուսումնասիրումը, համապատասխան համակարգերի ձևավորման և զարգացման ուղիների մշակումը՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և անվտանգ զարգացման հեռանկարները: Հետազոտությունն իր առջև դրել է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ Էկոլոգիական անվտանգության գիտական բովանդակության ուսումնասիրում և անվտանգության այլ տեսակների հետ նրա կապի ու գործնական նշանակության վերլուծություն և գնահատում, անձի, հասարակության և պետության էկոլոգիական անվտանգության ապահովման ժամանակակից համակարգերի զարգացման առաջատար միջազգային փորձի ուսումնասիրում, տեղայնացման հարցերի (ճանապարհների) որոնում և այլն:
Ռազմիկ Պետրոսյանը նշեց , որ թեման բավականին հետաքրքիր էր և նման հետազոտական աշխատանք Հայաստանում, ըստ էության, կատարվեց առաջին անգամ:
Հետազոտողները ներկայացրեցին առաջարկներ, որոնցից հատկապես ընդգծեցին երկուսի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ 1. էկոլոգիական անվտանգության ազգային համակարգի և էկոլոգիական անվտանգության ռազմավարական ծրագրի մշակում ու հասարակական քննարկում, 2. էկոլոգիական անվտանգության ապահովման ռիսկային գործոնների և վտանգների ամբողջական համալիրի վերհանում, դասակարգում և օգտագործում ռիսկերի կառավարման և վտանգների կանխման տեղեկատվական համակարգերում:
Հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, ամփոփելով 4 ամսվա հետազոտական աշխատանքները, նշեց, որ արդյունքները բավականին շոշափելի և հետաքրքիր են:
«Հետազոտական բոլոր 15 ուղղություններով անցկացվեցին սեմինարներ, բանավեճեր և կլոր սեղաններ, որոնք հնարավորություն տվեցին բացահայտելու իրականացվող հետազոտությունների ընթացքը, սպասվելիք արդյունքը, հետագա շարունակության ձևաչափը: Ամենակարևորն այն էր, որ հետազոտական ուղղությունների ղեկավարները, ինչպես նաև հետազոտողներն առավել հստակ կողմնորոշվեցին այն հարցերում, թե ինչ պահանջներ և խնդիրներ են դրված իրենց առջև, որ հարցադրումներն են առավել կարևոր: Այժմ համակարգում ենք բոլոր հետազոտությունների վերաբերյալ հաշվետվությունները և հրապարակման ներկայացվող նյութերը: Մեր հիմնական պահանջն այն է, որ հետազոտողների առաջարկած լուծումները գործնականում կիրառելի լինեն, այս տեսանկյունից կարևոր է, որ դրանք հետաքրքրություն ներկայացնեն գործադիր իշխանության և բիզնես համայնքի համար»,- հետազոտական աշխատանքային տարին ամփոփեց Սամվել Ավետիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին