Կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը. բարձր գնահատական՝ ակնհայտ ձեռքբերումներին

Դիտումների քանակ՝ 1203

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր ունի իր ուրույն տեղը հանրապետության գիտակրթական համակարգում: Անչափ ուրախալի է այն, որ համալսարանի ղեկավարությունը և դասախոսական կազմը ջանք չեն խնայում ձեռք բերված հաջողությունները ամրապնդելու, միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու և բարձրորակ մասնագետներ պատրաստելու  համար: Այս ամենը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում  մեր կրթական հաստատության հեղինակության բարձրացմանը»,-այսօր ՀՊՏՀ խորհրդի նիստում ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի կողմից բուհի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո իր գնահատականը հնչեցրեց ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով որ ՀՊՏՀ ձեռքբերումները ակնհայտ են:

Նա առանձնահատուկ կարևորեց ՀՊՏՀ-ում այս տարվանից գործողության մեջ դրված սոցիալապես անապահով և լավ սովորողների համար նախատեսված սոցիալական փաթեթը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, միջազգայնացման ուղղությամբ ձեռքբերումները: «Համալսարանի ռեկտոր  Կորյուն Աթոյանի 2013 թվականի համապարփակ զեկույցը վկայում է  այն մասին, որ տարին նշանակալից էր կրթական հաստատությունում կատարված աշխատանքների առումով: Գաղտնիք չէ, որ այսօր լիարժեք գիտելիքը դարձել է մրցունակ ապրանք և կապիտալ: Այդ կապիտալին հասնելու գրավականը կրթական գործընթացի մշտական կատարելագործումն է, ինչին նպատակաուղղված է եղել համալսարանի ջանքերը»,-իր ելույթում նշեց Հովիկ Աբրահամյանը:

Մինչ ՀՊՏՀ  խորհրդի նիստը` ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին համալսարանում` այցելելով նորակառույց ու նորաբաց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, վերջերս հիմնանորոգված և նոր ուսումնական տարվանից գործարկված բուֆետ:

Արդեն նիստերի սրահում  ՀՊՏՀ խորհրդի մասնակիցները, այդ թվում` ՀՊՏՀ խորհրդի անդամներ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանը և խորհրդի մյուս անդամները դիտեցին  համալսարանի վերջին 1 տարվա գործունեության մասին ամփոփ պատմող տեսանյութ: Այնուհետև ՀՊՏՀ խորհրդի նախագահը, ներկայացնելով նիստի օրակարգը, ելույթի համար խոսքը տրամադրեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին:

Ռեկտորը հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2013 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկուցմամբ, որի ընթացքում հանգամանորեն անդրադարձավ համալսարանում կատարվող ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանը, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, ուսումնադաստիարակչական հարցերին, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը և այլ հարցերի: (Համալսարանի տարեկան հաշվետվությունն ամբողջությամբ հրապարակված է ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ asue.am):

Այնուհետև Կորյուն Աթոյանը խորհրդին ներկայացրեց օրակարգի երկրորդ` ՀՊՏՀ-ի կազմակերպական կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի ներքո  հիմնավորեց ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև տնտեսամաթեմատիկական մեթոդների և վիճակագրության ամբիոնների միավորման նպատակահարմարությունը: Այս հարցի առնչությամբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ երկրորդ հարցը պետական հիմնական բարեփոխումներին ընդառաջ քայլ է, և Տնտեսագիտական համալսարանն առաջին բուհն է, որ փաստացի գնում է Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ճանապարհով:

«2014 թվականի առաջին եռամսյակում Կառավարությունը նախատեսում է ընդունել մասնագիտությունների նոր ցանկ, որտեղ ավելի խոշորացված են լինելու բոլոր դիսցիպլիններով, բոլոր ոլորտներով մասնագիտացումները,  հետևաբար մեր ուսումնական գործընթացը պետք է փոխվի, այդ թվում` բուհերի ենթակառուցվածքները, ենթակառուցվածքային ստորաբաժանումները»,- ասաց նախարարը:

ՀՊՏՀ խորհուրդը, լսելով և քննարկելով վերոնշյալ հարցերը,  ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ որոշեց հավանություն տալ ՀՊՏՀ 2013 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, 2013 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2014 թ. բյուջեն: Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ խորհուրդը որոշեց միացնել կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև տնտեսամաթեմատիկական մեթոդների և վիճակագրության ամբիոնները:

Որոշումներն ընդունվեցին բաց քվեարկությամբ, միաձայն:

Նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը ամանորյա տոների կապակցությամբ շնորհավորեց ներկաներին, ամբողջ հայ ժողովրդին և հղեց բարեմաղթանքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին