Մեր ուսանողն արժանացել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Յոլյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժանացել է Իսահակ Իսահակյանի անվան 6-ամսյա կրթաթոշակի՝ բարձր առաջադիմության և ուշագրավ հետազոտական աշխատանքի համար:
Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ կատարել է հետազոտական աշխատանք՝ «ՀՀ-ում բորսայական շուկայի առանձնահատկությունները» թեմայով:
«Հետազոտական աշխատանքիս մեջ անդրադարձել եմ մեր երկրի բորսայական շուկայի առանձնահատկություններին, ոլորտում առկա հիմնախնդիրներին, առաջարկել լուծումներ` դրանց վերացման համար: Նշեմ, որ հետազոտական աշխատանք կատարելը բավականին հետաքրքիր է, այն հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել թեման, դրան առնչվող ոլորտը: Հետազոտական աշխատանք կատարելու փորձ ունեմ դեռևս անցած տարվանից, երբ մասնակցեցի ՈՒԳԸ հետազոտական աշխատանքներին: Ինձ ուղղորդել են նաև մեր դասախոսները», -ասաց Աննան:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել էր հետազոտական աշխատանքների մրցույթ, որի շրջանակներում էլ մեր բուհի 2 ուսանողներ արժանացել են կրթաթոշակի: Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի արժանացած մեր մյուս ուսանողուհուն անդրադարձել էինք նախորդ հրապարակումներից մեկում. այդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ուսանողն-արժանացել-է-իսահակ-իսահակյանի-անվան-կրթաթոշակի-1284 :
Նշենք նաև, որ ՀՊՏՀ-ից մրցույթին մասնակցել են 18 ուսանողներ: Շնորհավորում ենք մեր ուսանողուհիներին, մաղթում՝ արգասաբեր և բեղուն ուղի հետազոտական աշխատանքներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին