ՀՊՏՀ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել միջազգային մի շարք տնտեսագիտական համալսարանների հետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Կոլոմբոյի «South Eastern» (Շրի Լանկա) Մանիլայի «Adamson» (Ֆիլիպիններ), Յոգջակարտայի «Gadjah Mada» (Ինդոնեզիա), տնտեսագիտական համալսարանների հետ ՝ փոխադարձ համաձայնությամբ համագործակցության նպատակով:
ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ով նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 13-ը աշխատանքային այցով գտնվում էր վերոնշյալ երկրներում, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ նշված համալսարաններից յուրաքանչյուրի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այսպիսով, համաձայն Կոլոմբոյի «South Eastern» համալսարանի գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի հետ հանդիպման ժամանակ ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ 2014թ. փետրվար-մարտ ամիսներին նախատեսվում է այդ համալսարանի ղեկավարության այցը մեր բուհ՝ մասնագիտական փոխադարձ ծրագրեր սկսելու նպատակով: Մանիլայի «Adamson» համալսարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է կրկնակի դիպլոմների տրամադրում, ինչպես նաև փոխադարձ գիտահետազոտական ծրագրերի իրականացում: Յոգջակարտայի «Gadjah Mada»-ն տարածաշրջանի խոշոր համալսարանն է, որի հետ ձեռք բերված հուշագրով նախատեսվում է իրականացնել 2՝ ասպիրանտների և հայցորդների փոխանակային և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակության ծրագրեր:
2014թ. մարտ-ապրիլ ամիսներին նախատեսվում է Ֆիլիպինների և Ինդոնեզիայի վերոնշյալ համալսարանների ղեկավարության այցը մեր համալսարան, որի ընթացքում կստորագրվեն համապատասխան պայմանագրերը:
«ՀՀ կառավարության կողմից բուհերի միջազգայնացման ծրագրերը կարևորվում են ՝ որպես կրթական ոլորտի կառավարման գերակա ուղղություն: Այս տեսանկյունից՝ նշված համալսարանների հետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը և միջազգային համագործակցության հետագա խորացումը կնպաստեն ՀՊՏՀ ուսումնական և գիտակրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մեր բուհն արդեն իսկ փոխըմբռնման հուշագրեր է կնքել Ռումինիայի և Լեհաստանի տնտեսագիտական համալսարանների հետ: Հավելեմ, որ 2-րդ փուլով նախատեսվում է Արևելյան Եվրոպայի կրթական շուկայի հետ համագործակցություն»,-ընդգծեց Խորեն Մխիթարյանը:
Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է վերոնշյալ համալսարանների ղեկավարությունների հետ անցկացնել «վիրտուալ կոնֆերանսներ»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին