Բաց դաս՝ «Հաշվապահական հաշվառման հիմնախնդիրները հանրային ոլորտում» խորագրով
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրանտների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ բաց դաս՝ «Հաշվապահական հաշվառման հիմնախնդիրները հանրային ոլորտում» խորագրով: Մագիստրանտները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակումներ:
ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվել է «1 ստանդարտը», որն իր մեջ ներառում է 26 բաժին. մագիստրանտներից յուրաքանչյուրը կատարել է մեկ կամ մի քանի բաժնի մշակում, որը ներկայացվեց բաց դասի ընթացքում: Ինչպես նշեց բաց դասի կազմակերպիչ, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, սա այս խորագրով 2-րդ բաց դասն է, որի անցկացումը բավականին արդյունավետ է:
Բաց դասին ելույթ ունեցան մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Վիգեն Թարխանյանը՝ «Հիմնական միջոցների հաշվառումը» (բաժին 11), Արտակ Այանյանը՝ «Ոչ նյութական ակտիվների հաշվառումը» (բաժին 12), Անի Գրիգորյանը՝ «Պարտավորությունը և զուտ ակտիվների հաշվառումը» (բաժին 24), Լիլիթ Պետրոսյանը՝ «Չփոխանակվող գործարքներից հասույթի հաշվառումը» (բաժին 26) ստանդարտների վերլուծությամբ (մշակմամբ):
Ալվարդ Սարգսյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կարևորեց բաց դասերի անցկացումը՝ նշելով. « Բաց դասերի անցկացումն անհրաժեշտ է հատկապես մագիստրանտների շրջանում, քանի որ այն նպաստում է ուսանողների ինքնուրույն աշխատանք, ուսումնասիրություն, հետազոտություն կատարելուն, ինչն էլ իր հերթին խթանում է ուսանողակենտրոն դասերի անցկացումը: Հետաքրքիր են հատկապես ծավալվող թեժ քննարկումները, որի ժամանակ ուսանողները միմյանց հարցադրումներ են ներկայացնում և վերլուծություններ կատարում: Դա զարգացնում է նրանց մտավոր և ստեղծագործական ունակությունները»,- նշեց Ալվարդ Սարգսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին