Լիագումար նիստով մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության 36-րդ նստաշրջանը

Դիտումների քանակ՝ 953

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) լիագումար նիստը՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, ՈւԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանի, ՈՒԳԸ-ականների, դասախոսների, ուսանողների մասնակցությամբ:

Նիստի սկիզբն ազդարարեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ով, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ ՈՒԳԸ նստաշրջանի մեկնարկը համալսարանի գիտական կյանքի կարևոր իրադարձություններից է: Պրոռեկտորը նշեց, որ ՀՊՏՀ-ն 2013թ. աննախադեպ ներդրումներ է կատարել գիտության զարգացման գործում՝  գիտահետազոտական աշխատանքներում ներդնելով սեփական բյուջեի 4 տոկոսը, աշխատանքներում ներգրավելով նաև մագիստրանտներին և ուսանողներին:

«Հետազոտական աշխատանքները գիտական գործունեության բաղկացուցիչ մասն են, ուստի դրանք շատ  կարևոր են: Այս տեսանկյունից ցանկանում եմ նշել, որ 2014թվականը հաճելի անակնկալներով լի է լինելու: Բոլորիդ մաղթում եմ հաջող  և արգասաբեր գործունեություն »,- ասաց Գագիկ Վարդանյանն ու հավելեց, որ ուսանողներից  ակնկալիքները մեծ են:

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Մարիա Ավանեսովան իր զեկուցմամբ  ամփոփ ներկայացրեց ուսանողական գիտական ընկերության նպատակները, առաքելությունը, նստաշրջանների անցկացման պարբերականությունը, փուլերը, 2011-2013թթ. ՈՒԳԸ գործունեությունը՝ նշելով, որ 2011թվականը բեկումնային էր մասնակիցների թվի աճի, ՈՒԳը ատրիբուտների ստեղծման իմաստով:

Ներկաներին ողջունեցին ՈւԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը, հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը:

ՈՒԳԸ լիագումար նիստին ներկա էր նաև հատուկ հյուր՝ ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանն, ով իր ողջույնի խոսքում կարևորեց  երկու համալսարանների համագործակցությունն ու նշեց, որ ՀՊՏՀ-ն ուսանողական գիտական ակտիվ գործունեություն ծավալող  հայաստանյան 5  բուհերի շարքում է:

ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց. «ՈՒԳԸ 36-րդ նստաշրջանը մի նոր փուլ է զարգացման ծրագրում, ունենք ավելի քան 90 մասնակից, որը 30 տոկոսով ավելի է նախորդ տարիների մասնակիցների թվից: Այս տարի ուսանողական հետազոտական ծրագրեր ենք նախատեսում՝ ֆինանսավորման սկզբունքով, որն ավելի կակտիվացնի ուսանողների ներգրավվածությունը գիտական աշխատանքներում: Բոլորին մաղթում եմ հաջողություն»:

Նշենք, որ 3 օր՝ դեկտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին  ֆակուլտետներում կլսվեն զեկուցումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին