Միջազգային ՈՒԿ-ների գործունեության առանցքները՝ «Ամբերդի» երիտասարդ հետազոտողների դիտակետում

Դիտումների քանակ՝ 1154

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական  կենտրոնում այսօր կայացավ մագիստրանտների՝ միջազգային առաջատար համալսարանների ուղեղային կենտրոնների շրջանում  կատարած հետազոտության շնորհանդեսը: Խոսվեց Հուվերի, Կոլումբիայի, Լոնդոնի տնտեսագիտության և այլ  ինստիտուտների ուղեղային կենտրոնների (ՈւԿ) գործունեության մասին: Երիտասարդ հետազոտողների խումբը (միջազգային տնտեսական հարաբերություններ, մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողներ) ուսումնասիրել և վերհանել էին միջազգային խոշոր ՈւԿ-ներից յուրաքանչյուրի նպատակները, առաքելությունը, գաղափարախոսությունը և գործունեության այն հիմնական բաղադրիչները, որոնցով դրանք առաջնորդվում են:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ղեկավարությունն ուսանողներին հետազոտական ծրագրերում ներգրավելու նախագիծ է սկսել: Անդրանիկ ծրագրի մեկնարկը տրվել է կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում՝ «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանի ղեկավարությամբ:

Հետազոտությունը լուսապատկերի միջոցով ներկայացրեց խմբի անդամ, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Թադևոսյանը, ով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց.   «Միջազգային համալսարանների ուղեղային կենտրոնների շրջանում  կատարած մեր ուսումնասիրությունները կօգնեն  այդ կենտրոնների փորձը ներդնել մեր երկրում: Կատարել ենք խորը և համապարփակ հետազոտություններ՝ ուշադրություն դարձնելով այն սկզբունքներին, որոնց վրա հենվում են առաջատար ՈւԿ-ները: Նախատեսում ենք փետրվարին ներկայացնել հետազոտության վերջնարդյունքը»:

Ինչպես նկատել էին մագիստրանտները՝ գրեթե բոլոր ուղեղային կենտրոնների համար կա մեկ ընդհանուր սկզբունք՝ տեսականը գործնականում կիրառելի դարձնելու կարողությունը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը շնորհանդեսի ավարտին նշեց, որ հետազոտության արդյունքները բավականին հետաքրքիր էին: Տնօրենը գնահատեց ուսանողների ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը հետազոտական աշխատանք կատարելու գործում և կարևորեց աշխատանքի հանդեպ լավ տրամադրվածությունը: Սամվել Ավետիսյանը երիտասարդ հետազոտողներին հորդորեց ուրվագծել այն անելիքներն ու մեխանիզմները, որոնք կուղղորդեն ճիշտ գործելաոճի:

Մեզ հետ զրույցում մագիստրոսները նշեցին, որ արդեն իսկ տեսանելի են իրենց աշխատանքների արդյունքները և որ ամենակարևորն է՝ մշակվում են մեթոդներ ՀՊՏՀ  նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում իրենց ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելի դարձնելու համար:

Մագիստրանտների խմբի աշխատանքը ղեկավարել է «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը՝ համակարգելով նրանց աշխատանքը, պարբերաբար քննարկելով խնդիրները և աշխատանքային ուղղությունները: Արդյո՞ք գոհացնում է մագիստրանտների աշխատանքը ծրագրի տնօրենին, փորձեցինք պարզել հենց Վարդան Աթոյանից:

«Կարծում եմ մինչ այս պահը կատարված աշխատանքը կարելի է դրական համարել: Երիտասարդ հետազոտողների կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում համակողմանիորեն ուսումնասիրվել են մեր կողմից իրենց առջև դրված խնդիրները: Իհարկե, դեռ կան անելիքներ, մասնավորապես՝ հետազոտության շրջանակներում պետք է ուսումնասիրվի նաև Հայաստանում համալսարանական ուղեղային կենտրոնների ոլորտը, վեր հանվեն առկա խնդիրները և դրանց հիման վրա արվեն կոնկրետ առաջարկություններ: Հենց այս խնդիրներով պետք է զբաղվեն հետազոտության մեջ ներգրավված ուսանողները առաջիկա մեկ ու կես ամսվա ընթացքում, միաժամանակ՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված աշխատանքի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները, որոնք մենք աշխատանքային կարգով համատեղ պարբերաբար քննարկում ենք: Վստահ եմ, հետազոտությամբ ստացված արդյունքները մեծապես օգտակար կարող են լինել թե՛ հետազոտող ուսանողների համար, որի միջոցով նրանք ձեռք են բերում նոր գիտելիքներ և հետազոտական փորձ, թե՛ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համար՝ որպես միջազգային և ազգային փորձի ուսումնասիրություն, որի դրական արդունքները կարող են կիրառության մեջ դրվել մեր համալսարանում»,- մեր հարցին ի պատասխան ասաց «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը:

Ուսանողների մասնակցությամբ հետազոտական ծրագրի մեկնարկի մասին տեղեկացրել էինք ավելի վաղ.  նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//ուսանողների-մասնակցությամբ-հետազոտական-ծրագրի-մեկնարկ-ամբերդ-կենտրոնի-կողմից-1208 :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին