Արտալսարանային ժամ՝ Մատենադարանում. հեղինակը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնն է
Արդյունավետ ուսուցման գործընթացում կարևոր դեր և նշանակություն ունեն նաև արտալսարանային դասընթացները. հենց այս գիտակցմամբ մեր համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարինե Նիկողոսյանի գլխավորությամբ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտացման մագիստրրատուրա առաջին կուրսի ուսանողներն օրերս այցելել են Մատենադարան: Ինչպես մեզ հայտնեց Մարինե Նիկողոսյանը, այցը կազմակերպվել է «Սոցիալական մարքեթինգ» առարկայի շրջանակներում և նպատակ է ունեցել ուսանողներին ծանոթացնելու Մատենադարանի կողմից իրականացվող մարքեթինգային գործունեության առանձնահատկություններին, ներսից ծանոթանալ ոլորտի նրբություններին ու դժվարություններին՝ այս կերպ ավելի լավ ու համակողմանի պատկերացում կազմել մշակութային մարքեթինգի մասին:
Այցելության առաջին մասում ուսանողները շրջել են Մատենադարանի թանգարանային հատվածում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և դրանց պատմությանը, այնուհետև, չափազանց հետաքրքիր հանդիպում-զրույց են ունեցել Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ, ով էլ ուսանողներին ծանոթացրել է կառույցի գործոնեությանը:
Վերջինս հպարտությամբ է նշել, որ Մատենադարանը Հայաստանի եզակի ինքնաբավ թանգարաններից է, որը, թեև մշտապես գտնվում է պետության հովանու տակ, այնուամենայնիվ, շնորհիվ մեծաթիվ այցելուների, ի վիճակի է ինքնուրույն հոգալ իր հիմնական կարիքները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ և բոստոնաբնակ հայուհիների՝ Մարիա և Բեատրիս Ղրդյանների հովանավորությամբ ստեղծված «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի գործունեությանը, որը կառույցին հնարավորություն է տալիս իրականացնել մի շարք կարևոր գիտամշակութային և կրթական ծրագրեր, ինչպիսիք են երիտասարդ հետազոտողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, «Փոքրիկ Ծաղկողներ» խմբակի օգնությամբ ծաղկելու արվեստը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործընթացը և այլն:
Հետաքրքրական զրույցին հաջորդել է ուսանողների հնչեցրած հարցերը և առաջարկությունները, որոնք ողջունվել են տիկին Վարդի Քեշիշյանի կողմից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին