Ուսանող-ազատամարտիկներին նվիրված մեծարման օր, գրքի շնորհանդես և հետմահու պարգևատրումներ ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր թևածում էին ռազմահայրենասիրական տրամադրություններ. բուհի զոհված ազատամարտիկներին նվիրված «Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսն էր՝ կազմակերպված ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից: Սա ոչ միայն շնորհանդես էր, այլև մեծարման, հիշատակի ու հարգանքի տուրք Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհած մեր բուհի ուսանողներին: Թերևս, բառերն ու արտահայտություններն ի զորու չեն արտահայտելու այն հուզումը, հպարտությունն ու հայրենասիրական զգացումները, որ այսօր ողողել էին մեր դահլիճը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հրավիրված էին հատուկ հյուրեր՝ Աժ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Կարեն Ավագյանը, ազատամարտիկների ծնողներն ու հարազատները:
Շնորհանդեսի սկիզբն ազդարարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, այնուհետև միջոցառման վարող, ՀՊՏՀ ուսանող Հարություն Արզումանյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ սա սովորական գրքի շնորհանդես չէ, այլ միջոցառում, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի: Մասնակիցները հոտնկայս հարգեցին զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը: «Մարտական հաշվարկի» հեղինակ, ՀՊՏՀ ուսանող Հայկ Բեջանյանն անուն առ անուն թվարկեց իր գրքի 13 հերոսներին, ներկայացրեց յուրաքանչյուրի կյանքի, գործունեության մասին ուշագրավ պատմություններ: Արցախյան ազատամարտին մեր բուհից մասնակցած ուսանողներն են՝ Աբրահամյան Դերենիկ (Ատոմ), Ադամյան Արմեն, Ասրյան Արթուր, Բաբայան Վահրամ, Բաբլումյան Արմեն, Գրիգորյան Գագիկ, Դարբինյան Վոլոդյա, Իսկանդարյան Կարեն, Կարապետյան Արթուր, Հակոբյան Արմեն (Բենիամինի), Հակոբյան Արմեն (Իլյայի), Մանվելյան Կարեն, Միքայելյան Աշոտ:
1990 թ. ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ հիմնեցին «Նժդեհ» կամավորական ջոկատը, որի կազմում քաջաբար կռվեցին և ընկան բուհի քաջորդիները: Հերոսներին ներկայացնելուց հետո հեղինակն իր խոսքում կարևորեց Արցախյան պատերազմի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, կոչ արեց հիշել բոլոր զոհվածներին, վառ պահել նրանց հիշատակը: Հայկ Բեջանյանը կոչ արեց աշխատել ու հավատալ, որ վաղն ունենալու ենք հզոր պետություն, իսկ ելույթը եզրափակեց Մովսես Գեորգիսյանի «Կեցցե' այն Հայաստանը, որ վաղն է գալու» փառահեղ խոսքով:
Ներկաներին իր խոսքն ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ելույթում կարևորելով Արցախյան հերոսամարտը՝ իբրև մեր պատմության ազգային ինքնագիտակցության զարթոնքի մի նոր էջ, իր երախտագիտությունը հայտնեց ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին: Ռեկտորի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://media.asue.am/upload/rektor_azatamartikner.pdf :
Ելույթի ավարտից հետո Կորյուն Աթոյանը բուհի ազատամարտիկներին հետմահու պարգևատրեց ՀՊՏՀ ոսկե հուշամեդալներով՝ պարգևները հանձնելով նրանց ծնողներին ու հարազատներին: Այսպիսով՝ Արցախյան ազատամարտի մասնակցության և ցուցաբերած արիության համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին Արմեն Հրաչիկի Բաբլումյանը, Արմեն Բենիամինի Հակոբյանը, Արթուր Միքայելի Կարապետյանը, Դերենիկ (Ատոմ) Գարիկի Աբրահամյանը,Վահրամ Լենսերի Բաբայանը, Արմեն Փարավոնի Ադամյանը, Կարեն Բախշիի Մանվելյանը, Գագիկ Գրիգորի Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսի Դարբինյանը:
Այս անունները անմահացել են և խորհրդանշում են հայրենիքի անմնացորդ նվիրում, անձնազոհ կերպար: Ելույթ ունեցավ նաև ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Սևակ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ հարկ եղած դեպքում հանուն հայրենիքի իրենք ևս պատրաստ են անձնազոհության: Նա նաև տեղեկացրեց, ու ի պատիվ ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների «Նժդեհ» ջոկատի՝ ՀՊՏՀ-ում կհիմնադրվի «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբ: Ցուցադրվեց գրքի հերոսների մասին պատմող փոքրիկ ֆիլմը:
Միջոցառման ավարտին իրենց երախտիքի, շնորհակալական խոսքն ասացին ուսանող-ազատամարտիկների ծնողները, հարազատներն ու ընկերները. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին, գրքի հեղինակ Հայկ Բեջանյանին և ուսանողական խորհրդին շնորհակալություն հայտնեցին ծնողներ Զինաիդա Արեյանը, Ամալյա Գևորգյանը, Միքայել Կարապետյանը և ուրիշներ: Միջոցառմանը մասնակցող ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Դերենիկ Աբրահամյանի ուսանողական ընկեր Տաճատ Վարդապետյանը ևս խոսք ասաց՝ նման ծանրակշիռ միջոցառման կազմակերպման համար շնորհակալություն հայտնելով ռեկտոր Կորյուն Աթոյանին, ուսանողական խորհրդին և գրքի հեղինակին: Նա նշեց, որ «Մարտական հաշվարկ» գիրքը թեև ուշ է հրատարակվել, սակայն ուշացած չէ: Տաճատ Վարդապետյանի խոսքով՝ այս գիրքը գալիքին ուղղված այն հատու խոսափողն է, որն իր մեջ անթեղված է պահում հերոսների ոգին և ցույց տալիս, որ հայի հերոսական ոգին ամեն պահի պատրաստ է հայրենասիրական պոռթկումների: Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև ՀՊՏՀ դասախոսները:
Հուզվել էին բոլորը, հուզվել էին հպարտության, արժանապատվության, կարոտի ու վշտի, հայրենասիրության զգացումների միախառնումից:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը անկեղծորեն շնորհավորում է Ուսանողական խորհրդին և հատկապես գրքի հեղինակ Հայկ Բեջանյանին՝ բուհի ուսանող-ազատամարտիկների պատմությունը, նրանց վերաբերող նոր տվյալներն ու լուսանկարները, երբևէ չհրապարակված տվյալները մեկ գրքով հրատարակելու արժանավոր գործի համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին