Հետազոտություն «Կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների հետազոտություն և զարգացում» ուղղության շրջանակներում
ՀՊՏՀ կոնֆերանսների դահլիճում այսօր տեղի ունեցավ «Կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների հետազոտություն և զարգացում» ուղղության շրջանակներում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հերթական գիտական սեմինարը, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի և ՀՊՏՀ այլ աշխատակիցներ, ուսանողներ, դասախոսներ:
Սամվել Ավետիսյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներն, նշեց, որ «Կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների հետազոտություն և զարգացում» թեման առանձնահատուկ է այն առումով, որ բոլորիս անմիջականորեն առնչվում է:
Նշենք, որ հետազոտական խմբի ղեկավարն է ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, խմբի անդամներն են՝ որակի ապահովման բաժնի պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանը, ասիստենտ Գայանե Մերդինյանը:
Պարույր Քալանթարյանը նշեց, որ հետազոտության նպատակն է կրթական ծրագրերի վերլուծությունը և արդյունավետ կիրառման հնարավորությունների ուղենշումը: Պրոռեկտորն ընգծեց նաև ուսանողակենտրոն կրթական համակարգի կարևորությունը:
Հետազոտության արդյունքները լուսապատկերի միջոցով ներկայացրեց Գայանե Մերդինյանը: Վերջինս նախ խոսեց հետազոտության հիմնական ուղղությունների մասին, այն է՝ միջազգային փորձի ուսումնասիրություն, կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների զարգացում, մեթոդաբանական ուղեցույցի մշակում և հրապարակում, այնուհետև անդրադարձավ Բոլոնիայի գործընթացին, Բոլոնիայի սկզբունքներին համապատասխան ՀՀ կրթական համակարգի առկա խնդիրներին և այլն:
Հետազոտական խմբի կողմից ներկայացվեցին առաջարկություններ. մեխանիզմներ՝ ուղղված կրթության որակի բարելավմանը: Սեմինարի ավարտին ծավալվեց թեժ քննարկում, հետազոտողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին