Ուսանողական խորհրդի տարեկան հաշվետվություն, բուհի ինքնավերլուծության գործընթացին առնչվող և այլ հարցեր գիտխորհրդի հերթական նիստում
«Անցած մեկ տարվա ընթացքում ուսանողական խորհուրդը շարունակել է իր շուրջը համախմբել ուսանողներին, ովքեր հասարակական գործունեություն են ծավալել ինչպես բուհում, այնպես էլ բուհից դուրս՝ բարձր պահելով համալսարանի պատիվը: Կազմակերպվել են օլիմպիադաներ, տնտեսագիտական ուսանողական գիտաժողովներ, մարզական ու մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, ավանդույթ դարձած մրցույթ-փառատոններ, բանավեճեր, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր և թանգարաններ»,- ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստում օրակարգային առաջին հարցի ներկայացումն այսպես սկսեց ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը՝ ներկայացնելով համալսարանի ուսանողական խորհրդի հաշվետվությունն ուսանողների ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, հայրենասիրական դաստիարակության աշխատանքների մասին: ՈՒԽ նախագահն ուշադրություն հրավիրեց անցնող տարում իրենց կողմից կատարված աշխատանքներին՝ մասնավորապես ընդգծելով ուսանողների հաջող մասնակցությունը հանրապետական միջոցառումներին, ռեկտոր Կորյուն Աթոյանի ֆինանսավորմամբ մոտ երկու տասնյակ ուսանողների այցերը արտերկրյա համալսարաններ՝փոխանակման ծրագրերով, մի շարք բարձր պարգևների արժանանալու փաստերը: Հաշվետվությունը լսելուց հետո ներկաները Սևակ Խաչատրյանին մի քանի հարցեր ուղղեցին, իսկ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հորդորեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ուսանողների ներգրավվածությանը գիտական գործունեության բնագավառում: «Որպես բուհի ռեկտոր՝ ես նույնպես գոհ եմ ուսխորհրդի աշխատանքից, շատ կցանկանայի, որ կարողանայինք մեր ուսանողների համար ավելին անել, սակայն առկա հնարավորության պայմաններում մենք անում ենք առավելագույնը»,- ասաց Կորյուն Աթոյանը՝ քվեարկության դնելով հաշվետվությունը հաստատելու որոշումը: Այն ընդունվեց՝ բավարար գնահատելով ՈՒԽ գործունեությունը:
ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը զեկուցեց համալսարանի ինստիտուցիոնալ ինքնավերլուծության ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի և ստորաբաժանումների խնդիրների մասին՝ ներկայացնելով բուհական համակարգում հավատարմագրման գործընթացը, դրա փուլերը՝ ընդգծելով, որ մեր համալսարանը պատրաստել և հանձնել է ինստիտուտցիոնալ ինքնավերլուծության զեկույցը: Ներսես Գևորգյանի խոսքով, առաջիկայում պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարվեն՝ ծրագրային հավատարմագրմանն ընդառաջ: Բաժնի պետը, այնուհետև նաև ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը խոսեցին գործընթացի կազմակերպական հարցերի մասին՝ ընդգծելով գործընթացի կարևորությունն ու դրանում բուհի յուրաքանչյուր ներկայացուցչի մասնակցության անհրաժեշտությունը:
Գիտխորհուրդը քննարկեց և հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին