ՀՀ ԿԲ ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում. ներկայացվեց «ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը» 2013 թ. 1-ին կիսամյակի արդյունքներով

Դիտումների քանակ՝ 1137

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները այսօր մասնակիցը դարձան «ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվություն» (2013 թ. 1-ին կիսամյակ) թեմայով շնորհանդեսի, որն անցկացրեցին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչնեը`ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, նույն վարչությունում բաժնի պետեր Արտակ Ասատրյանը, Կարինե Համբարյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը:

Ներկայացնելով հյուրերին` ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը փաստեց, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մեր համալսարանում հաշվետվությունների ներկայացումն արդեն ավանդույթի է վերածվել և հնարավորության պարագայում պետք է հաճախակի դարձնել: Հատկապես ուսանողության համար նա կարևորեց այս հանդիպումները` որպես ուսումնական գործընթացի արդյունավետ բաղկացուցիչ:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը հանդես եկավ ներածական խոսքով` մասնավորապես նշելով, որ «ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը» Կենտրոնական բանկի կարևորագույն փաստաթուղթն է, որի բովանդակության, էության, դերակատության  ըմբռնումը կարևոր է: Նա ընդգծեց, որ իրենք ակնկալում են շահագրգիռ ու ակտիվ քննարկում, որի ընթացքում միասնական կերպով կփորձեն գտնել շատ հարցերի պատասխաններ: Նա հավելեց, որ ցանկացողները հաշվետվությանը կարող են ծանոթանալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Օրվա բանախոսներն էին Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչությունում բաժնի պետեր Արտակ Ասատրյանը և Կարինե Համբարյանը: Թեմայի շրջանակներում նրանք վերլուծեցին համաշխարհային տնտեսության, Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի զարգացումները, ՀՀ ֆինանսական շուկայի կայունությունը, ֆինանսական շուկաներում, ինստիտուտներում, ենթակառույցներում առաջացող ռիսկերը:

Ելույթների ավարտից հետո ՀՀ ԿԲ ներկայացուցիչները սիրով և հանգամանորեն պատասխանեցին ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին