ՀՊՏՀ գիտակների «Index PRO» թիմը միջբուհական մրցույթում նվաճեց 1-ին հորիզոնականը
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում երեկ՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել միջբուհական մրցույթ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի շրջանակներում:
Խաղի կազմակերպման նախաձեռնությունը ՀՀ պետական կառավարման ակադեմիայինն էր: Մասնակիցների թվում էին Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաննների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմերը:
Մեր բուհի «Index PRO» գիտակների թիմը , ինչպես մի շարք մրցույթներում, այս անգամ ևս, փայլեց իր ինտելեկտով, զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը՝ միավորային զգալի առավելությամբ հաղթանակ տանելով մյուս թիմերի նկատմամբ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Index PRO» գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանը նշեց, որ խաղը հիմնականում նպատակ ուներ, այսպես ասած, մարզելու բուհերի ինտելեկտուալ թիմերին:
«Նպատակը բուհերում ինտելեկտուալ շարժումը զարգացնելն էր: Ինչ վերաբերում է մեր թիմին, պետք է նշել, որ եթե նկատի ունենանք այն, որ թիմի մեծ մասը նորեկներ են, ապա մեր թիմը բավականին լավ խաղաց: Արդեն ուրվագծվում է այն կազմը, որը նախատեսում ենք: Կլինեն նաև համալրումներ թիմի կազմում», -ասաց թիմի ավագը:
ՀՊՏՀ ներկայացուցիչները նվաճեցին հաղթողի գավաթը` ինտելեկտուալ խաղերի խորհրդանիշ բուի տեսքով:
Շնորհավորում ենք մեր թիմին, մաղթում ինտելեկտուալ նոր բարձունքներ:
Լուսանկարը՝ ՀՊՏՀ ՈւԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին