Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը՝ միջֆակուլտետային ֆուտբոլային մրցումների հաղթող

Դիտումների քանակ՝ 929

«Ուսանողական աշուն-2013» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ ֆուտբոլային վերջին հանդիպումը՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման  ու հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետների միջև: Հանդիպումն ավարտվեց 10-2 հաշվով՝ հօգուտ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի: Այսօրվա պայքարն իսկապես շատ լարված էր, խաղին հետևում  և ֆուտբոլիստներին քաջալերում էին խաղացող ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Մկրտչյանն ու Աշոտ Մաթևոսյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ, մարզական խաղերի գլխավոր մրցավար Սիմոն Հակոբյանը նշեց, որ ֆուտբոլն այն բացառիկ խաղերից է, որ մեծ սեր է վայելում շատերի կողմից: Նրա խոսքով՝ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է մեր բուհում. այդ մասին վկայում են նաև  լեփ-լեցուն դահլիճը,  ուսանող-երկրպագուների մեծ ոգևորվածությունը. մեր ուսանողներն, իսկապես, գեղեցիկ ֆուտբոլային խաղեր են ցույց տալիս:

«Բուհում մարզական խաղերի կազմակերպումն ունի մի քանի կարևոր նպատակ. առաջին հերթին այն նպաստում է  առողջ ապրելակերպին, սեր է սերմանում ուսանողների մոտ՝ սպորտի նկատմամբ, բացահայտում է նոր անուններ, որոնք էլ հետագա մրցումներում (միջբուհական, հանրապետական և այլն) ունենում են մեծ հաղթանակներ»,- ընդգծեց Սիմոն Հակոբյանը:

Մրցավար Էլեոնորա Գրիգորյանը նշեց, որ միջֆակուլտետային ֆուտբոլային բոլոր խաղերն անցել են ըստ նախատեսվածի. լուրջ վնասվածքներ և արտառոց միջադեպեր չեն գրանցվել:

Շնորհավորում ենք մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետին հաղթանակի կապակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին