Փնտրվում են որակյալ մասնագետներ. «Այ Էյ Բի Սենթր»-ը՝ ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր հյուրընկալվել էին «Այ Էյ Բի Սենթր» (IAB Centre) հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները:
«Այ Էյ Բի Սենթր» (IAB Centre) հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը ամեն տարի կազմակերպում է լայնածավալ մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն ՀՀ բուհերի ուսանողների համար:
Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ այն չափանիշներին, որոնց հիման վրա միջազգային խոշոր կազմակերպություններն ընտրում են աշխատակիցներ, բացահայտել պարտադիր ֆինանսական աուդիտի ստուգումների տարբերությունները, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) կիրառման անհրաժեշտությունը և աշխարհագրությունը, ստանալ ամբողջական տեղեկատվություն կենտրոնի՝ խոշոր կազմակերպությունների կողմից պարտադիր պահանջ հանդիսացող միջազգային (ACCA, CIMA, GARP) որակավորումների մասով:
Հանդիպման սկզբում ցուցադրվեց հոլովակ, որտեղ բոլորի երազանքներն իրականանում են: Տեսանյութի հերոսները ուսանող-երիտասարդներն էին, ովքեր կոչ են անում հավատալ երազանքներին և հետամուտ լինել՝ իրագործելու դրանք (follow your dreams):
Այնուհետև «Այ Էյ Բի» կենտրոնի մարքեթինգի բաժնի տնօրեն Անի Նահապետյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունը, նպատակներն ու գործունեությունը:
Ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի ղեկավար Հրանուշ Բակլաչյանը ուսանողներին կոչ արեց դեռ համալսարանական տարիներից հետաքրքրվել և մտածել կարիերայի մասին: Նա ասաց նաև, որ յուրաքանչյուր գործատու ցանկանում է աշխատանքի ընդունել որակյալ մասնագետի, կոնկրետ իրենք փնտրում են լավ մասնագետներ. խելացի և մրցունակ կադրերի կարիք այսօրվա աշխատաշուկայում, իրավամբ, զգացվում է: Ղեկավարի խոսքով՝ համալսարանական կրթությանը զուգահեռ պետք է զբաղվել մասնագիտական հմտությունների զարգացմամբ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Անի Նահապետյանը նշեց, որ հիմնական խնդիրն է ուսանողներին իրազեկել աշխատաշուկայի վերաբերյալ մի շարք տեղեկությունների մասին:
«Մեր ամենակարևոր նպատակներից է՝ օգնել ուսանողներին ուսումն ավարտելուց հետո հեշտ աշխատանք գտնել և ճիշտ կողմնորոշվել»,- ընդգծեց Անի Նահապետյանը:
Ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ուսանողների հետ հետադարձ կապ պահպանելու համար նրանց տրամադրեցին տեղեկատվական գրքույկներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին