ՀՊՏՀ-ում մեկնարկել է գիտաուսումնական լաբորատորիաների աշխատանքը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվել են գիտաուսումնական 4 լաբորատորիաներ՝ «Ֆինանսական ներգրավվածություն» /ղեկավար՝ տ.գ.դ., դոց. Սերգեյ Սուքիասյան/, «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» /ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆ. Աշոտ Մաթևոսյան/, «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» /ղեկավար տ.գ.թ., դոց. Ատոմ Մարգարյան/ և «Սոցիալական հետազոտություններ» /ղեկավար տ.գ.թ., դոց. Ելենա Մանուկյան/:
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի պարզաբանմամբ՝ գիտաուսումնական լաբորատորիան՝ համաձայն 2014թ. մարտի 26-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ», կանոնակարգի՝ ակադեմիական տարատեսակ հետազոտություններով զբաղվող պրոֆեսորադասախոսական կազմից, գիտաշխատողներից, ասպիրանտներից, ուսանողներից կազմված կոլեկտիվ է, որոնց ստեղծման հիմքը՝ կոլեկտիվ նախագծերի իրականացման համար համապատասխան միջավայրի ստեղծումն է տվյալ ֆակուլտետի ներսում: Գիտաուսումնական լաբորատորիաները կառուցվում են հորիզոնական համագործակցության սկզբունքներով և դառնում են ակադեմիական միջավայրի աճի հիմքը:
Գիտաուսումնական լաբորատորիաների գործունեության առանցքային ուղղությունների, խնդիրների և հեռանկարների մասին մեր զրույցը ստորև:
-Պարոն Մխիթարյան, խնդրում ենք անդրադառնալ գիտաուսումնական լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությանը:
-Բարձրագույն համալսարանական կրթության ժամանակակից մոդելների վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում գիտական և գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման անհրաժեշտությունն ու հրատապությունը կրթական ծառայությունների բացառիկ սուր մրցակցության պայմաններում, որը ենթադրում է գիտաուսումնական լաբորատորիաների կայացումը կրթական և գիտական գործընթացների ինտեգրման, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտական և գիտահետազոտական գործունեության բնագավառում նորաստեղծական ներուժի՝ ըստ ամենայնի բարձրացման նպատակով: Այս առումով մեր համալսարանն արդեն ունի որոշակի փորձ 2014-2016թթ. ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման արդյունքում ձևավորված կոլեկտիվ և ստեղծագործական խմբերի, ինչպես նաև գիտաուսումնական խմբերի գործունեության մեկնարկի կապակցությամբ: Այս առումով գիտաուսումնական լաբորատորիաները հանդես են գալիս որպես միջանկյալ օղակ գիտաուսումնական խմբերի և գիտական դպրոցների ձևավորման գործընթացում:
Համալսարանի գիտության զարգացման առաքելությունը գիտահետազոտական գործունեության, մասնավորապես՝ հիմնարար, կիրառական և նպատակային գիտական հետազոտությունների հետագա խորացման, գիտաուսումնական խմբերի և լաբորատորիաների ստեղծման ու արդյունավետ գործարկման արդյունքում գիտական դպրոցների ձևավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու համալսարանական գիտական ներուժի բարձրացումն է՝ կրթության, գիտության և նորաստեղծական գործունեության արդյունավետ ինտեգրման պայմաներում:
-Իսկ, ընդհանուր առմամբ, որո՞նք են գիտաուսումնական լաբորատորիաների առջև դրված հիմնական խնդիրները:
-ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիայի հիմնական խնդիրների շարքից առավելապես կարևորվում են գիտական գործունեության իրականացումը, ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրների հետ կապված հետազոտությունների իրականացումը, ազգային և միջազգային գիտահետազոտական հրապարակումների վերլուծությունը տնտեսամաթեմատիկական մոդելավորման և ազգային տնտեսության քանակական գնահատականի բնագավառում, ՀՊՏՀ դասախոսների, ուսանողների, ասպիրանտների ներգրավումը լաբորատորիայի աշխատանքներին և գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործումը կրթական գործընթացում, նոր կրթական դասընթացների պատրաստումը բակալավրիատում և մագիստրատուրայում, ինչպես նաև արտասահմանյան համալսարանների գիտական կենտրոնների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը: Մասնավորապես, «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» և «Սոցիալական հետազոտություններ» լաբորատորիաները մեր գործընկեր շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի հետ պատրաստվում են կնքել համատեղ գիտական հետազոտությունների իրականացման պայմանագիր՝ վերոհիշյալ ոլորտներում միջազգային հետազոտությունների իրականացման նպատակով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին