ՀՊՏՀ ներկայացուցչի հոդվածը` Մոսկվայում հրատարակված կոլեկտիվ մենագրությունում

Դիտումների քանակ՝ 1699

Մոսկվայի պետական համալսարանի հրատարակչությունն օրերս  լույս է ընծայել Համալսարանների եվրասիական ասոցիացիայի (ՀԵԱ) «Համալսարանները եվրասիական կրթական տարածությունում» կոլեկտիվ մենագրությունը, որը ՀԵԱ «21-րդ դարի եվրասիական բուհերը» մենագրությունների շարքից է: ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը մենագրության համահեղինակներից է. նրա «Համալսարանների և հասարակության փոխկապվածության միտումներն ու հիմնախնդիրները ՀՀ տնտեսության զարգացման ժամանակակից փուլում» հոդվածում մանրամասն ուսումնասիրվել են ՀՀ կրթական համակարգի զարգացման փուլերը, ձեռքբերումները, հիմնախնդիրները և տարբերությունները եվրասիական տարածքի այլ երկրների համակարգերից:

Ինչպես հայտնում է Կարեն Գրիգորյանը, մենագրությունը հրատարակման է պատրաստել ասոցիացիայի գործադիր կոմիտեն` ՀԵԱ 13-րդ համագումարի որոշման համաձայն: Հոդվածներն ընտրվել են մրցույթի արդյունքի հիման վրա, մենագրության գլխավոր խմբագիրը  ՀԵԱ նախագահ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին է, ով նաև համահեղինակներից է: Մենագրության առանցքային թեման ժամանակակից պայմաններում ՀԵԱ-անդամ համալսարանների գործունեությունն է, հատուկ ուշադրության են արժանացել անդամ երկրների կրթական համակարգերի փոփոխությունները և զարգացման փորձը, ինչն ունի ճանաչողական նշանակություն և կարևոր է փորձի փոխանակման առումով: Այն տեղադրվելու է նաև Գիտական հղումների ռուսաստանյան համաթիվ ցանցում (РИНЦ):

Մենագրությունը հասանելի է ասոցիացիայի պաշտոնական կայքէջի «Հրապարակումներ» բաժնում, հետևյալ հղումով` www.eau-msu.ru/news/view/521: ՀՊՏՀ ներկայացուցչի հրապարակմանը կարող եք ծանոթանալ  378-380 էջերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին