Ամփոփվել են միջֆակուլտետային շախմատային խաղ-մրցույթի արդյունքները. հայտնի են հաղթողները

Դիտումների քանակ՝ 861

Երեկ՝  նոյեմբերի  12-ին, շախմատային խաղի մեկնարկով սկսվեց «Ուսանողական աշուն»  փառատոնը:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնից տեղեկացրեցին, որ նախատեսվածի համաձայն, շախմատի մրցույթը պետք է անցկացվեր 2 օրով՝ նոյեմբերի 12-ին և 13-ին, սակայն ուսանողական խորհրդի առաջարկով և հարգելի պատճառով  անցկացվեց միայն մեկ օրով՝ ավարտվեց երեկ (ՈՒԽ-ն մասնակցում է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական եռօրյա համաժողով-ցուցահանդեսի):

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանի և նույն ամբիոնի դասախոս, շախմատի մարզիչ, Լյուդմիլա Հովհաննիսյանի հետ: Վերջինս, ով նաև շախմատի խաղի գլխավոր մրցավարն էր, նշեց, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ֆակուլտետների ուսանողները լավ պատրաստված էին խաղին, թիմերից շատերն աչքի ընկան հիանալի խաղով: Լյուդմիլա Հովհաննիսյանը ներկայացրեց երեկվա խաղի արդյունքները. 1-ին հորիզոնականում է ֆինանսական ֆակուլտետի թիմը՝13 միավորով, 2-րդ հորիզոնականում  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն  է՝ 12 միավորով, 3-րդ հորիզոնականում կառավարման ֆակուլտետն է՝ 12 միավորով: Ինչպես նշեց մրցավարը՝ 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած ֆակուլտետներն ունեցան  հավասար միավորներ, սակայն մրցանակային տեղերը բաշխվեցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը խաղաց առանց պարտության: 4-րդ տեղում է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը (9 միավոր), 5-րդ տեղում՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, 6-րդ տեղում՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը:

«Ցանկանում եմ ընգծել, որ հիանալի խաղով աչքի ընկավ Լիլիթ Մաթևոսյանը, իսկ լավագույն արդյունքը ցույց տվեց Հովհաննես Արզումանյանը, ով խաղաց առանց պարտության»,- ամփոփեց գլխավոր մրցավար Լյուդմիլա Հովհաննիսյանը:

«Հարկ է նշել, որ մեր համալսարանի շախմատի թիմերում խաղում են ՀՀ բուհական առաջնության բազմակի չեմպիոններ Լուսինե Թորոսյանը, Անի Թադևոսյանը, Անի Բաղոյանը և այլք»:

Նշենք, որ  վաղը փառատոնի շրջանակներում կկայանան սեղանի թենիսի միջֆակուլտետային խաղերը:

Շնորհավորում ենք ֆինանսական ֆակուլտետին, նաև մյուս ֆակուլտետներին հաղթանակի առիթով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին