Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը

Դիտումների քանակ՝ 886

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի նիստը՝ մոտ մեկ տասնյակ օրակարգային հարցերի ընդգրկմամբ: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն անդրադարձավ մի քանի հարցերի: Նա տեղեկացրեց, որ մագիստրատուրայի ուսուցման կազմակերպական գործընթացն ավելի ընդունելի, ուսանողների համար առավել հարմար դարձնելու համար իր հանձնարարականով քննարկումներ են սկսվել: Ռեկտորը գիտխորհրդի անդամներին հորդորեց մտածել մագիստրատուրայի ուսուցման կազմակերպումը բարելավելու ուղղությամբ և առաջարկություններ ներկայացնել:

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի կողմից լույս ընծայվող «Էկոնոմ պլյուս» ամսաթերթի «Արդեն սկսել եմ հիասթափվել» անանուն հրապարակումը, որտեղ ուսանողը դժգոհություն է հայտնում կազմակերպական խնդիրներից: «Այստեղ գրված է այն մասին, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ, հորդորել եմ. խոսքը ուսանողների նկատմամբ վերաբերմունքի, ուսանող-դասախոս-դեկանատ հարաբերությունները լավ հիմքի վրա դնելու մասին է»,- նշեց բուհի ղեկավարն ու ասաց, որ եթե հետագայում ևս մեկ դժգոհություն լինի, խիստ պատիժներ կկիրառվեն:

ՀՊՏՀ ռեկտորն անդրադարձավ նաև աշխատավարձերի բարձրացման խնդրին՝ նշելով, որ քննարկվում է հունվարից համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը որոշակիորեն բարձրացնելու հարցը: Բուհի ղեկավարը գիտխորհրդի անդամներին հանգամանորեն ներկայացրեց համալսարանի ֆինանսական վիճակը, առկա հնարավորությունները՝ պայմանավորված նաև այս տարվա ընդունելությամբ, որի արդյունքում, ռեկտորի խոսքով, մեր դիմորդների թիվը նվազել է: Միաժամանակ Կորյուն Աթոյանն ընդգծեց կրթության որակի բարձրացման անհրաժեշտության մասին՝ կոչ անելով այս հարցի մասին լրջորեն մտածել և առաջարկներ ներկայացնել:

Գիտխորհրդի նիստի առաջին հարցը՝ «Ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանության և ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները», զեկուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: 2013-2014 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների, «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության և «Աուդիտ» մասնագիտացման առկա ուսուցման բակալավրիատի 2013-2014 ուստարվա ամփոփիչ ատեստավորման առարկայական ցանկը հաստատելու մասին հարցերը զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց գիտխորհրդի 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլան: Բոլոր հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունվեցին գիտխորհրդի քվեարկությամբ:

Քննարկվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր: Քվեարկության դրվեց իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, քաղաքագիտության թեկնածու Սասուն Գրիգորյանին և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արշակ Առաքելյանին դոցենտի կոչումներ շնորհելու համար ԲՈՀ-ին դիմելու հարցը: Երկու դեպքում էլ գիտխորհուրդն իր քվեարկությամբ կոչումներ շնորհելու հարցին հավանություն տվեց, հաստատեց քվեարկության արդյունքները: Հրատարակության երաշխավորվեց 3 ուսումնական ձեռնարկ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին