Վաղը կտրվի «Ուսանողական աշուն -2013» միջֆակուլտետային մարզական խաղերի մեկնարկը

Դիտումների քանակ՝ 846

Վաղը կտրվի «Ուսանողական աշուն -2013» միջֆակուլտետային մարզական խաղերի մեկնարկը: «Ուսանողական աշունը» ՀՊՏՀ ամենամյա մարզամշակութային փառատոններից է և նվիրված է ուսանողների միջազգային օրվան: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մարզական և մշակութային մրցույթներ՝ ֆակուլտետների միջև:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ուսանողական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Խառատյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ «Ուսանողական աշունը» յուրաքանչյուր ուսումնական տարվա գլխավոր միջոցառումներից է, որի կազմակերպման գործում մեծ մասնակցություն են ցուցաբերում հատկապես առաջին կուրսեցիները:

«Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ուսանողական աշուն»  ամենամյա փառատոնի մասշտաբն ընդլայնվել է. այն ընգրկում է և' մշակութային, և' մարզական միջոցառումներ, վերանվանվել է մարզամշակութային փառատոն»,- ասաց Սերգեյ խառատյանը:

Նշենք, որ ‹‹Ուսանողական աշունը›› կազմակերպվում է բուհի ուսանողական խորհրդի և Ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ: Նշված ամբոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը, ով փառատոնի մարզական միջոցառումների հիմնական կազմակերպողն ու համակարգողն է, մեզ հետ զրույցում ասաց. «Փառատոնի շրջանակներում կազմակերպվող մարզական միջֆակուլտետային խաղերն ու մրցումները նպատակ ունեն բարելավել ուսանող երիտասարդության շրջանում տարվող մարզաառողջարարական աշխատանքները, նպաստել ուսանողների ֆիզիկական կարողությունների և առողջության բարելավմանը և դրանով  նրանց նախապատրաստել աշխատանքի և հայրենիքի պաշտպանությանը, հայտնբերել շնորհալի և խոստումնալից մարզիկներին, նրանց ընդգրկել համալսարանի հավաքական թիմերում և նախապատրաստել ՀՀ 2014թ. ուսանողական մարզական խաղերին, մարզական խաղերի միջոցով ամրապնդել ուսանող-դասախոս կապը, բարելավել մարզական աշխատանքների դրվածքը համալսարանում»,-կարևորեց Սիմոն Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ խաղերի անցկացման ծրագիրը և ժամկետներն արդեն ամրագրված են, վաղը՝ նոյեմբերի 12-ին կլինի մարզական խաղերի մեկնարկը. առաջինը շախմատի մրցույթն է (կավարտվի նոյեմբերի 13-ին), հաջորդաբար, ըստ ծրագրի, կկայանան մյուս մարզաձևերի խաղերը: Մարզական խաղերի շրջանակներում նախատեսվում են նաև ցուցադրական ելույթներ:

Նշենք, որ մարզախաղերում հաղթած  ֆակուլտետը կպարգևատրվի փոխանցիկ գավաթով, իսկ մարզաձևերի հաղթող թիմերը և առանձին մարզիկներ կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով:

Մասնակցել կարող են ՀՊՏՀ բոլոր ուսանողները, այդ թվում՝  մագիստրանտները, ասպիրանտներն ու հեռակայի ուսանողները: Մասնակցության վերջնական հայտերը պետք է ներկայացնել նախօրոք՝ տվյալ մարզաձևի մրցումներից մեկ օր առաջ՝մրցավարական նիստի (ժամը14.00-ին) ժամանակ:

Նշենք, որ ‹‹Ուսանողական աշուն-2013›› մարզամշակութային փառատոնը կանցկացվի նոյեմբերի 12-30-ը:

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:

Հ.Գ. Լուսանկարը՝ ՀՊՏՀ ՈւԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին