Նորարարությունը՝ մարտահրավեր ուսանողների համար. մրցույթի հրավեր՝ «Արփա» ինստիտուտից
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր հյուրընկալվեց Լոս Անջելեսի «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ով բուհ էր այցելել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ ներկայացնելու իրենց ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, դեկաններ, դասախոսներ, բուհի այլ աշխատակիցներ, ուսանողներ, ասպիրանտներ:
Կորյուն Աթոյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց հյուրին և խոսքը փոխանցեց նրան: «Արփա» ինստիտուտի ներկայացուցիչը նախ պատմեց իրենց կազմակերպության (ինստիտուտի) ստեղծման պատմության, առաքելության, իրականացրած ծրագրերի, մրցույթների և այլնի մասին, այնուհետև ներկայացրեցրեց «Նորարարություն» մրցույթի պայմանները: Նրա խոսքով՝ մրցույթը կազմակերպված է համալսարանական մակարդակով և նպատակ ունի խրախուսել ուսանողներին և ասպիրանտներին գիտական տարբեր բնագավառներում: Մրցույթը նպատակ ունի աշխուժացնել աշխատանքային փոխհարաբերությունները՝ ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև (որտեղ դասախոսը կարող է մասնակցել որպես խորհրդատու), ինչպես նաև Հայաստանում ստեղծել նոր արտադրանքներ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը միտված է քաջալերելու պատենտավորման ենթակա նորարարությունների կամ նորարարական ծրագրերի մշակումը ՀՀ-ում, խթանել տեխնոլոգիայի, տնտեսական ղեկավարման և գյուտարարության նկատմամբ հետաքրքրությունը: Հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները՝ 1-ին տեղ՝ 2000, 2-րդ տեղ՝1000, 3-րդ տեղ՝600, 4-րդ տեղ՝ 400 ամերիկյան դոլար:
Նորարարության մրցույթի մասին մանրամասն տեղեկատվության և պահանջներին ծանոթանալու համար կարող եք այցելել «Արփա» ինստիտուտի պաշտոնական կայք՝ arpainstitute.org :
Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողներին մաղթում ենք ստեղծագործական հաջողություններ, իսկ մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում այցելել հետևյալ հղումով՝ http://www.arpainstitute.org/Invention_Competition_files/ARPA_Invention_Criteria_Arm_13.pdf
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին