«Տեմպուս» ծրագրերի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շտեյդելն այցելեց մեր համալսարան

Դիտումների քանակ՝ 1244

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր կայացավ «Տեմպուսի» «Արարատ» ծրագրի մասնակից-գործընկերների հերթական հանդիպումը. մեր համալսարանում հյուրընկալվեց Եվրոպական հանձնաժողովի «Տեմպուսի» ծրագրերի տարածաշրջանի պատասխանատու Ֆրանց Շտեյդելը՝ ծանոթանալու ծրագրի կատարման ընթացքին, արված աշխատանքներին:

Հանդիպման բացմանը ներկա էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ֆակուլտետների  դեկաններ, ամբիոնների վարիչներ, մասնակցում էին ծրագրի շահակից գործընկերները, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման վարչության ղեկավար, «Արարատ» ծրագրի կառավարման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը:

Հիշեցնենք, որ  «Արարատը» եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է ապահովել բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով: Ծրագրի համակարգողն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Բացման խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը բոլորի անունից ողջունեց ներկաներին և ընգծեց ծրագրի կարևորությունը հատկապես  այն առումով, որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է կրթության որակի բարելավմանը: Ռեկտորը հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին, նաև շնորհակալություն հայտնեց Ֆրանց Շտայդելին՝ ծրագրով հետևողականորեն  հետաքրքրվելու համար:

«Արարատ» ծրագրի կառավարման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանն ամփոփ ներկայացրեց ծրագրի մասնակից հայաստանյան 8 բուհերի գործունեության մշտադիտարկման արդյունքները, ելույթ ունեցան նաև տարբեր կազմակերպությունների (բուհերի) ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացվող աշխատանքները: Մասնակիցներից շատերն ընգծեցին ծրագրի առավելությունները:

Ծանոթանալով ծրագրի կատարման աշխատանքներին՝ Ֆրանց Շտեյդելը նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից ծրագիրը  բավական լավ է կոորդինացվում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին