Մարզական խմբերում համալրումները շարունակվում են. ՀՊՏՀ մարզական կյանքի,անցուդարձերի, սպասվելիք միջոցառումների մասին

Դիտումների քանակ՝ 1275

Ի ուրախություն ՀՊՏՀ մարզասեր ուսանողների՝ մեր բուհում գործում են մի շարք մարզական խմբակներ, որոնք նպատակ ունեն ուսանողական առօրյան հետաքրքիր դարձնելու, նպաստելու ուսանողների առողջ  ապրելակերպին, այս կամ այն սպորտաձևում նրանց հմտանալուն:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն  այսօր զրուցեց ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանի հետ: Վերջինս նշեց, որ  նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ իրենց ամբիոնը, սովորականի համաձայն, սկսել է նաև  պարապմունքները մարզական խմբակներում: Մեր բուհում գործում են 13 մարզական խմբակներ՝ աթլետիզմ, սեղանի թենիս, բասկետբոլ (աղջիկներ), շախմատ, ռիթմիկ մարմնամարզություն, բասկետբոլ (տղաներ) , վոլեյբոլ, ֆուտբոլ (տղաներ),ֆուտբոլ (աղջիկներ), վոլեյբոլ (աղջիկներ), ձեռքի գնդակ (տղաներ), բազկամարտ, սեղանի թենիս:

«Այդ խմբակները լավագույնս մարզում են  ուսանողներին,  որոնք հետագայում մեծ հաջողություններ են ունենում թե ներբուհական, թե միջբուհական խաղերում և մրցույթներում»,- ասաց Սիմոն Հակոբյանը: Ի դեպ, Սիմոն Հակոբյանի փոխանցմամբ՝ այս տարի ամբիոնում բացվել  է նոր՝ ռիթմիկ մարմնամարզության խմբակը, որի նկատմամբ մեծ է ուսանողների հետաքրքրությունն ու ոգևորությունը:

Ամբիոնի նախաձեռնությամբ  պատրաստվել է նաև ՀՊՏՀ 10 լավագույն  մարզիկների   պաստառը՝ նրանց նկարներով և լավագույն ցուցանիշներով:

Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում սպասվում են մարզական հետաքրքիր միջոցառումներ, որի մասին կտեղեկացնենք շուտով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին