ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնը հրատարակել է «Մարքեթինգի հիմունքներ» ուսումնական ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 1883

ՀՊՏՀ մարքեթինգի  ամբիոնի կողմից հրատարակվել է «Մարքեթինգի հիմունքներ»  ուսումնական ձեռնարկը, որը հրատարակության է երաշխավորվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ: Ձեռնարկի  հեղինակներն են՝ ամբիոնի վարիչ, տ. գ. դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, տ.գ.թ., դոցենտ Շիրակ Սահակյանը, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ.գ.թ., ասիստենտ Նարեկ Ղուկասյանը և ասիստենտ Լիլիթ Սահակյանը:

«Նկատի առնելով, որ մարքեթինգի հիմունքները համահամալսարանական առարկա է և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև հիմա չկար հայերենով ուսումնական ձեռնարկ՝ մարքեթինգի ամբիոնում հեղինակային խումբը ձեռնամուխ եղավ այդ աշխատանքի կատարմանը: Ի ուրախություն մեզ բոլորիս՝ այսօր ձեռնարկը դրված է ընթերցողի սեղանին»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը:

Ծանոթագրությունից տեղեկանում ենք, որ ձեռնարկում քննարկված են մարքեթինգի հիմնարար հասկացությունները, զարգացման էվոլյուցիան, հիմնական խնդիրները, մարքեթինգով կառավարման և մարքեթինգի կառավարման խնդիրները, մարքեթինգի առանձնահատկությունները տարբեր շուկաներում, մարքեթինգի միջավայրի ուսումնասիրման խնդիրները, մարքեթինգային հետազոտությունների և շուկայական վերլուծությունների կառուցվածքը, մարքեթինգի համալիրի բաղադրիչների կազմակերպման խնդիրները, մրցակցային ռազմավարությունների մշակման խնդիրները, գլոբալ տնտեսություններում մարքեթինգի արդի հիմնախնդիրները և մարքեթինգի ու հասարակության փոխազդեցության խնդիրները: Ձեռնարկը նախատեսված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի ոչ մասնագիտական խմբերի ուսանողների համար:

Ձեռնարկի համար կարող եք դիմել մարքեթինգի ամբիոն, իսկ առաջիկայում օրինակներ կլինեն նաև համալսարանի գրադարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին