Հավանության է արժանացել ՀՊՏՀ մասնակցությամբ Տեմպուսի ևս 4 ծրագիր
Առաջնորդվելով ՀՊՏՀ միջազգայնացման, կրթության որակի ճանաչման, որակավորումների համադրելիության և մրցունակության ապահովման ռազմավարական նպատակներով` ՀՊՏՀ կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ ու ՀՊՏՀ ղեկավարության հավանությամբ մշակվել և Տեմպուսի ծրագրերի շրջանակում Եվրոպական հանձնաժողով են ներկայացվել բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրային առաջարկներ, որոնցից 4-ը հավանության են արժանացել: 2013 թվականից սկսած 3 տարիների ընթացքում ՀՊՏՀ-ն կիրականացնի հետևյալ ծրագրերը.
1.Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում (ESPAQ),
2.Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում(VERITAS),
3.Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում՝ արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով (GOVERN),
4.Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում (PEOPLE):
Ծրագրերի իրականացումը կսկսվի 2013 թվականի նոյեմբերից և կիրականացվի համալսարանական կոնսորցիումների միջոցով՝ ընդգրկելով ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Հայաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի համալսարաններ և կրթական կազմակերպություններ:
Այս մասին տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ և որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին