ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում շարունակվեց բաց դասը. ուսանողներն այն համարում են արդյունավետ մոտեցում

Դիտումների քանակ՝ 939

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետում այսօր կայացավ  «Բաց դասի» 2-րդ մասը (1-ին մասը կայացել էր հոկտեմբերի 24-ին) ՝ մագիստրանտների մասնակցությամբ: Ինչպես նշել էինք նախորդիվ,  միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված այս  դասի շրջանակներում ուսանողները ներկայացրել էին Արժույթի միջազգային հիմնադրամի հրատարակած զեկույցը, որը բաղկացած է մի քանի մասերից, որոնք մաս-մաս քննարկվում են բաց դասերի ընթացքում:

Դասի կազմակերպիչներից տ.գ.թ., ասիստենտ  Հայկ Ավետիսյանը, ով նաև դասը վարողն էր, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ուսանողները ներկայացրեցին զեկույցից ևս երկու մաս մասնավորապես խոսելով համաշխարհային տնտեսական փոխազդեցությունների փոխանցման մեխանիզմների, ինչպես նաև կապիտալի միջազգային հոսքերի կարգավորման առանձնահատկությունների մասին:

Ուսանողները դասի թեման ներկայացրեցին շնորհանդեսի տեսքով՝անգլերենով: Ի դեպ, դասախոսները անգլերենով շնորհանդեսի անցկացման հանգամանքը կարևորեցին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժինը միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր  պաշտոնակատար Գրիգոր Նազարյանից փորձեց տեղեկանալ, թե ինչպիսի արձագանքներ է ունեցել «Բաց դասի»  կազմակերպման իրենց մոտեցումը. վերջինս նշեց, որ արձագանքները մեծ են, հետաքրքրված են և' դասախոսները, և' ուսանողները:

«Նմանատիպ մոտեցումն ունի  մի քանի կարևոր առանձնահատկություն՝ հրապարակված  անհրաժեշտ (մասնագիտական)  տեղեկատվության անմիջապես կիրառում, ինչու չէ նաև տարածում  ուսումնական գործընթացում, ուսանողների մոտ հետաքրքրության առաջացում. ուսանողներն արդեն իրենք են հանդես գալիս բաց դասերի կազմակերպման առաջարկներով, ստեղծագործական հմտությունների և խմբերով աշխատելու ունակությունների զարգացում», -ասաց Գրիգոր Նազարյանը:

Մենք փորձեցինք իմանալ  նաև ուսանողների կարծիքը՝ նմանօրինակ դասերի կազմակերպումը նպաստու՞մ է արդյոք մասնագիտական գիտելիքների բարելավմանը, հետաքրքի՞ր են դրանք և որքանո՞վ են կարևորվում  ուսանողների կողմից:

«Բաց դասերի արդյունավետությունը կարելի է գնահատել բավական բարձր, քանի որ դրանք նպաստում են ուսանողների ինքնուրույն մտածողության զարգացմանը, իսկ տեսական գիտելիքները գործնական կիրառություն են ձեռք բերում»,-իրենց մտքերն ամբողջացրեցին ՏԿ ևՄՏՀ միջազգային արժութային հարաբերություններ մասնագիտացման մագիստրատուրայի  1-ին կուրսի ուսանողներ Լիլիթ Մխիթարյանն ու Շաքե Տիտանյանը:

Գրիգոր Նազարյանը վերջում հավելեց, որ նմանատիպ դասեր առաջիկայում հաճախակի կկազմակերպվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին