«ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հոգևոր-բարոյական հիմնախնդիրները». հետազոտում են ՀՊՏՀ դասախոսները

Դիտումների քանակ՝ 1217

«Ամբերդ» հետազոտական  կենտրոնում այսօր կայացավ գիտական սեմինար՝  «ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հոգևոր-բարոյական հիմնախնդիրները»  խորագրով: Սեմինարին մասնակցում էին կենտրոնի աշխատակիցները՝տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, դասախոսներ, բուհի  այլ աշխատակիցներ:

«Հոգևոր-բարոյական անվտանգություն» հետազոտական ուղղության ղեկավար,  փ.գ.դ.,պրոֆեսոր  Արամ Սարգսյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց հետազոտության հիմնական խորագրերը, և ամփոփ խոսեց քննարկվելիք հարցերի մասին:

Ինչպես ներկայացրեց պրոֆեսորը, իրենց հետազոտությունը բաղկացած է մի քանի գլուխներից. 1-ին՝ «Հոգևոր-բարոյական արժեքների տեղն ու դերը ազգային անվտանգության համատեքստում (տեսական և մեթոդաբանական հարցեր)»,  2-րդ՝ Ազգային կառույցների հոգևոր-բարոյական (արժեքային) և մշակութաին ինքնատիպության վերարտադրության գործառույթները (գործնական խնդիրներ), 3-րդ՝«Ազգային հոգևոր-բարոյական և մշակութային անվտանգության հիմնախնդիրները ՀՀ տեղեկատվական տարածքում»:

Հետազոտական խմբի մասնակիցներն առանձին-առանձին խոսեցին վերոնշյալ հարցերի մասին: Փ.գ.դ., պրոֆեսոր Սուրիկ  Սարգսյանն ընդգծեց  հատկապես մշակույթի դերը և նշեց, որ ազգային անվտանգության տեսանկյունից այն ունի առանցքային նշանակություն: Պրոֆեսորի խոսքերով՝ մշակույթը ոչ միայն ազգակերտիչ իրողություն է, այլև ազգահավաք և ազգապահպան: Նա նույնքան կարևորեց նաև հայրենասիրության դերը: Հետաքրքիր զեկուցմամբ հանդես եկավ փ.գ.թ.,դոցենտ Յուրի Հովականյանը, ով խոսեց  հասարակական- քաղաքական կառույցների հոգևոր-բարոյական  գործառույթների մասին:

Ինքնատիպ էր նաև փ.գ.թ.,դոցենտ Սոֆյա Օհանյանի զեկույցը (պատրաստված   ավագ լաբորանտ Արփինե Մալքջյանի  հետ), որն առնչվում էր ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրներին՝գլոբալացվող աշխարհի տեղեկատվական գործընթացների համատեքստում: Երիտասարդ դոցենտը հետաքրքիր օրինակներով ներկայացրեց հետազոտությունը. ուշագրավ էին հատկապես նրա կատարած սոցհարցումների արդյունքները, ըստ որի՝ 20-30 տարեկան մարդկանց շրջանում ճնշող՝ 90 և ավելի տոկոսը  գրանցված է սոցիալական կայքերում և օրվա մեծ մասն անց է կացնում համակարգչի դիմաց, այսպես ասած՝ կախվածություն ունի համակարգչից և համացանցից (աշխատանքից դուրս):

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության   հետ կապերի բաժնի հետ զրույցում Արամ Սարգսյանը նշեց, որ հոգևոր- բարոյական հարցերը, այսպես ասած՝ հարցերի հարցն են:

«Թե' տնտեսության, թե' երկրի ընդհանուր զարգացման համար չափազանց կարևոր են  հոգևոր-բարոյական  հիմնախնդիրները, մեծ է դրանց դերը հատկապես ազգային անվտանգության համատեքստում»,- ասաց պրոֆեսորը:

Սեմինարի ավարտին մասնակիցները հանդես եկան հարցադրումներով, զեկուցումների և հետաքրքիր հետազոտության համար հնչեցին գոհունակության խոսքեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին