«Մակրոտնտեսական վերլուծություն, մոդելավորում և կանխատեսում» ուղղության շրջանակներում գիտական սեմինար

Դիտումների քանակ՝ 1295

ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնում այսօր տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը`«Մակրոտնտեսական վերլուծություն, մոդելավորում և կանխատեսում»  ուղղության շրջանակներում: Սեմինարին մասնակցում էին հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի   աշխատակիցները, ասպիրանտներ, դասախոսներ: Բանախոս, տ.գ.դ.,պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ներկայացրեց հետազոտության թեման և լուսապատկերի միջոցով  ներկաներին ցուցադրեց արդյունքները:

Բանախոսը ներկայացրեց տնտեսական աճի վրա ազդող ներքին մոդելները, կարևորեց մարդկային կապիտալի աճը տնտեսական զարգացման տեսանկյունից:

Հետազոտությունը շարունակեց ներկայացնել տ.գ.թ., դոցենտ  Հայկազ Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց  2000-2012թթ.  Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի տեմպերի վերլուծություն՝ նշելով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճը համընկնում է համաշխարհային միտումների հետ: Կատարված ուսումնասիրությունների շրջանակում ներկայացվեցին  պետական բյուջեի, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի  պակասորդները և համախառն խնայողությունները ՀՀ-ում, ՀՆԱ արտադրական ծավալների դինամիկան  և այլն:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում պրոֆեսոր Թավադյանը նշեց, որ իրենց (հետազոտական խմբի) կողմից տրվել է իրավիճակի ամբողջական, համակարգված գնահատական և կատարվել են որոշակի կանխատեսումներ:

«Ցանկանում եմ ընդգծել, որ կանխատեսումները (պետական բյուջե, տնտեսական աճ, ինտեգրացիոն գործընթացներ) ունեն հավանակային բնույթ, ինչը պետք է հաշվի առնել, քանի որ ենթադրում են որոշակի գործոնների իրականացում և դրանց չիրականացման պարագայում կանխատեսվող ցուցիչը ճշգրտվում է: Մենք իրականացրել ենք կանխատեսումներ`տնտեսական աճի վրա ազդող ներքին գործոնների  ազդեցության տեսանկյունից» ,- ամփոփեց Թավադյանը:

Սեմինարի վերջում թեմայի շուրջ հարցադրումներ արվեցին և քննարկում ծավալվեց:

Սամվել Ավետիսյանը եզրափակեց սեմինարը և նշեց, որ ներկայացվեցին  հետաքրքիր ուսումնասիրություններ, երևաց նաև հետազոտությունների պրակտիկ արդյունքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին