Վերապատրաստման հերթական սեմինարը «Արարատ» ծրագրի շրջանակում

Դիտումների քանակ՝ 878

Միջազգային համագործակցության կենտրոնում ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնն այսօր Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակում ամբիոնների վարիչների, դեկանների, ուսանողների համար անցկացրեց վերապատրաստման սեմինար: ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը տեղեկացրեց, որ այսօրվա քննարկման շահագրգիռ մասնակիցներ պետք է լինեն հատկապես ամբիոնների վարիչները, որովհետև կրթություն-աշխատաշուկա  կապի իրականացման մեջ էական է գերնպատակը` ուսումնական ծրագրերի վերանայումը և փոփոխումը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանն  իր ելույթում հիմնականում շեշտադրեց իրենց կենտրոնի գործունեությունը, որը առաջիկայում կանվանափոխվի «Մարքեթինգի և աշխատաշուկայի հետ կապերի կենտրոնի» և կիրականացնի կարևոր գործառույթ՝ ուսումնասիրել, հասկանալ աշխատաշուկայի պահանջները, որոնք կներմուծվեն ուսումնական գործընթաց և հնարավորություն կտան վերափոխելու ուսումնական ծրագրերը:

Կարեն Բաբաջանյանը մասնավորապես շեշտեց, որ պետք է ստեղծվի համալսարանի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի շրջանավարտների տվյալների բազա, որը անընդհատ կթարմացվի և կօգտագործվի գործատուի կողմից: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ  համալսարանը, աշխատաշուկայի պահանջներին հետևելով հանդերձ, պետք է պահպանի իր գործունեության ակադեմիականությունը: Սեմինարի ընթացքում բանախոսներին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, ծավալվեց շահագրգիռ քննարկում, ամբիոնների վարիչները հանդես եկան կառուցողական առաջարկություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին