«Պարենային անվտանգության սպառնալիքները». սեմինար` «Ամբերդ» հետազոտական կենտրոնում

Դիտումների քանակ՝ 949

Այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Պարենային անվտանգության սպառնալիքները» խորագրով գիտական սեմինար, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները և բուհի վարչական ու դասախոսական կազմի ներկայացուցիչները:

Գագիկ Վարդանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ սեմինարները գիտական նստաշրջանների հենքն են, և ստեղծված գիտելիքի տարածման լավագույն միջոցներից մեկը:  «Մեր հետազոտությունները նպատակ ունեն առաջարկներ ներկայացնել  մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար», - ընգծեց պրոռեկտորը:

Սեմինարի բանախոս, տ.գ.դ., պրոֆեսոր, «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը ներկայացրեց թեման և Տերունական աղոթքի օրինակի վրա ընգծեց դրա նշանակությունն ու կարևորությունը (հանապազօրյա հացի և փորձությունից հեռու մնալու մասին): Նա նշեց, որ պարենային անվտանգություն տերմինը շրջանառության մեջ է մտել անցյալ դարի 40-ական թվականներին և այժմ այն տնտեսության կարևոր մասերից է:

Լուսապատկերների միջոցով պրոֆեսորը ներկայացրեց թեմային առնչվող մի շարք հարցեր և առանձին-առանձին խոսեց դրանց մասին: Խոսվեց  պարենային անվտանգության ձևերի, պարենային անվտանգության չափորոշիչների, պարենային անվտանգության սպառնալիքների (ներքին, արտաքին), դրանց հաղթահարման և այլ առանցքային թեմաների մասին, գծապատկերների միջոցով ցույց տրվեց աշխարհի բնակչության հարաշարժը, պարենային ճգնաժամերի դինամիկան, տարբեր տարածաշրջաններում պարենի սպառումը  (մեկ շնչի հաշվով, տարեկան /կկալ/ ), ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքը 2010, 2011 թվականներին, ՀՀ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի փոփոխությունը 2008-2013թթ., վարելահողերի օգտագործման  մակարդակը` ՀՀ մարզերի 2013թ. տվյալներով և այլն:

Սամվել Ավետիսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ պարենային անվտանգության սպառնալիքների գնահատումը և դրանց կանխարգելման համակարգի մշակումը Հայաստանի համար ունի առանցքային կարևորություն, քանի որ դեռևս մեծ է կախվածությունն արտաքին շուկայից, տարածաշրջանն անկայուն է, հղի` տարաբնույթ հակամարտություններով, որը միշտ կարող է սպառնալ պարենամթերքի դինամիկ մատակարարմանը:

«Բերենք 2008թ. ամռանը վրաց-օսական հակամարտության պատճառով ճանապարհի փակման օրինակը, երբ Հայաստանը ստիպված եղավ Իրանից արագորեն ալյուր ներկրել, որի լոգիստիկ համակարգի բացակայությունը հանգեցրեց նրան, որ իզուր գումար ծախսվեց և պատշաճ պահպանության պայմանների բացակայության պատճառով ալյուրը փչացավ: Այսինքն`պետական պահուստների բացակայությունը դառնում է լուրջ սպառնալիք, իսկ ամենակարևոր լուծումը գյուղատնտեսական ոլորտի նորարարական զարգացումն է և մրցունակության բարձրացումը, որի արդյունքում Հայաստանը կունենա ինքնաբավության բարձր մակարդակ», -հավելեց պրոֆեսորը:

Սեմինարի վերջում ներկայացվեց հետազոտության վերջում ակնկալվող արդյունքները՝ հոդվածի, մատենաշարի հրապարակում: Թեմայի շուրջ ծավալվեց թեժ քննարկում, մասնակիցները հանդես եկան հարցադրումներով:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին