Հայտնի են 2013 թ. տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակակիրները

Դիտումների քանակ՝ 901

Այսօր հայտնի են դարձել 2013 թվականի տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Նրանք են ամերիկացի տնտեսագետներ Յուջին Ֆաման (ԱՄՆ, Չիկագոյի համալսարան), Լարս Պետերս Հանսենը (ԱՄՆ, Չիկագոյի համալսարան) և Ռոբերտ Շիլլերը (ԱՄՆ, Յեյլի համալսարան), որոնց այս հեղինակավոր  մրցանակը շնորհվել է  ակտիվների գնի փոփոխության էմպիրիկ վերլուծության համար:

Այս մասին տեղեկանում ենք Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայքում (www.nobelprize.org) հրապարակված հաղորդագրությունից, որտեղ նաև ասվում է, որ մրցանակը շնորհվել է «գործնական մշակումների և էմպիրիկ վերլուծության» համար: Այսպիսով, գիտնականները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են ակտիվների գնի փոփոխությունները և նշում են, որ այդ ցուցանիշները շատ կարևոր են բիզնեսի, հատկապես ֆինանսական շուկաների գործունեության համար:

Նրանք վերլուծել են, թե ինչպես են տարբեր շուկայական երևույթներ ազդում ակտիվների` արժեթղթերի, կապիտալի, անշարժ գույքի գնի վրա: Գիտնականները նաև պարզել են, թե ինչպես է նոր տեղեկատվությունը փոխում ակտիվների գինը կարճա և երկարաժամկետ հեռանկարում: Կատարված մշակումները թույլ են տալիս ավելի ճշգրիտ հասկանալ և կանխատեսել ֆինանսական շուկաների զարգացումը:

 Հ.Գ. Լուսանկարը՝ Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայքից:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին