Լույս է տեսել նոր ուսումնամեթոդական ուղեցույց

Դիտումների քանակ՝ 884

Լույս  է  տեսել  «Վոլեյբոլ»  ուսումնամեթոդական ուղեցույցը` ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի  կողմից: Ուղեցույցը երաշխավորված է տվյալ ամբիոնի ու  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի խորհրդի կողմից:

Սիմոն Հակոբյանի և Նորայր  Զաքոյանի հեղինակությամբ հրատարակված գրքի ծանոթագրությունում նշվում է, որ ուղեցույցում մեկտեղված  և հարստացված են  մարզաձևին (վոլեյբոլ)  նվիրված  նյութերը, արժեքավոր հրապարակումները: Հեղինակները հույս են հայտնում, որ  սույն ձեռնարկը կնպաստի ինչպես ուսանողների, այնպես էլ մարզիչ-մանկավարժների տեսական և գործնական գիտելիքների ընդլայմանն ու հարստացմանը: Այն նաև օգտակար է մարզաձևով հետաքրքրվող լայն լսարանի  համար:

Հեղինակ Սիմոն Հակոբյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց. «Ձեռնարկը հետաքրքիր է այն առումով, որ այստեղ տեղ են գտել վոլեյբոլի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք մինչև այժմ չեն տպագրվել որևէ գրքում: Ձեռնարկում ներկայացրել ենք վոլեյբոլի`որպես մարզաձևի  ծագման, ինչպես նաև Հայաստանում զարգացման պատմությունը:

Ուղեցույցում օգտակար գիտելիքներ կան ոչ միայն ուսանողների, այլև մարզիչների համար, քանի որ այս մարզաձևում նրա  հմտություններից շատ բան է կախված. խաղում հաղթանակի կեսն ապահովում է մարզիչը»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է տարածվելու ձեռնարկը, Սիմոն Հակոբյանը պատասխանեց, որ նախ` կնվիրի իր լավագույն ուսանողներին, բացի այդ` շուտով բոլոր ցանկացողները կարող են այն գտնել  ՀՊՏՀ գրադարանում: Այս ձեռնարկը առաջիկայում  նաև որպես մրցանակ կհանձնվի բազմաբնույթ մարզական խաղերում հաղթող ուսանողներին:

Շնորհավորում ենք ձեռնարկի հեղինակներին և մաղթում նոր հրատարակություններ:                                                                                                                                                  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին