ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը նվաճել է 14-րդ հանրապետական (միջբուհական) խաղերի ֆուտբոլի գավաթը
Երեկ` հոկտեմբերի 13-ին, ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում կայացել է ֆուտբոլի եզրափակիչ հանդիպումը: ՀՊՏՀ ֆուտբոլի թիմն այստեղ ևս գերազանց խաղ է ցույց տվել` 7-2 հաշվով հաղթանակ տանելով ԵՊՀ-ի թիմի նկատմամբ: Մեր տղաները նվաճել են 14-րդ հանրապետական (միջբուհական) խաղերի ֆուտբոլի գավաթը:
ՀՊՏՀ ֆուտբոլի թիմի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ բոլոր բուհերի թիմերի հետ հանդիպումներում մեր թիմն աչքի է ընկել հիանալի խաղով:
«Մեր տղաների հաղթանակը սպասված էր, քանի որ թիմում բոլորն էլ լավ խաղացողներ են, գտնվում են գերազանց մարզավիճակում և խաղերին տրամադրված էին մարտական: Բուհերի թիմերի հետ խաղերում մենք չունեցանք ոչ մի պարտություն, նույնիսկ` ոչ-ոքի. միշտ հաղթող դուրս եկանք: Առավել լարված սպասում էինք եզրափակիչ խաղին և այժմ հպարտությամբ փաստում ենք, որ մեր բուհի հավաքականը լավագույնն է: Պատվով կարող ենք նշել, որ 2013թ. ՀՀ միջբուհական մարզական խաղերում ՀՊՏՀ-ն նվաճեց ֆուտբոլի գավաթը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հաղթանակները շարունակական լինեն»,- հավելեց մարզիչը:
Այսպիսով ավարտվեցին 14-րդ (2013թ.) հանրապետական մարզական խաղերը:
Շնորհավորում ենք մեր հավաքականին և բոլոր ՀՊՏՀ-ականներին`մեծ հաղթանակի առիթով:
Հ.Գ. Երկրորդ լուսանկարը՝ ՀՊՏՀ ՈՒԽ ֆեյսբուքյան էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին