ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը հաղթել է ճարտարագիտական համալսարանի թիմին
Երեկվանից մեկնարկած ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլի շրջանակներում այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի հանդիպումը ՀՊՃՀ հավաքականի հետ /ՀՊՃՀ/, որի արդյունքում 5:1 հաշվով մեր համալսարանի թիմը հաղթել է ՀՊՃՀ հավաքականին:
Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը՝ միաժամանակ նշելով, որ 5 գոլերից 2-ը հեղինակել է մեր բուհի ուսանող Կարեն Անդրեասյանը, իսկ մեկական գոլեր հեղինակել են ուսանողներ Դավիթ Գրիգորյանը, Արա Բաղդադյանը և Նարեկ Մակարյանը:
«Պոլիտեխնիկի թիմը ուժեղագույնն էր մեր ենթախմբում, հետագայում, կարծում եմ, խնդիր չենք ունենա և եզրափակիչը կխաղանք ԵՊՀ թիմի հետ»,- ասաց Սիմոն Հակոբյանը՝ ավելացնելով, որ ֆուտբոլային հանդիպումները շարունակվելու են և վաղը սպասվում է հերթական հանդիպումը՝ այս անգամ ագրարային համալսարանի հավաքականի հետ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին