Վերապատրաստման սեմինար՝ Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1000

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը որակի ապահովման բաժնի հետ համատեղ Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակներում այսօր ՀՊՏՀ-ում կազմակերպել էր վերապատրաստման սեմինար, որին մասնակցում էին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ, Տեմպուսի «Համալսարան-Գործատու» հայկական համակարգող գործակալություն «Արարատ» ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ներկայացրեց «Արարատ» ծրագրի բովանդակությունը, ընդգծեց, որ ի պատիվ ՀՊՏՀ-ի՝ այն առաջին անգամ դարձել է ծրագրի համակարգող, անդրադարձավ ծրագրի բովանդակությանը՝ շեշտելով, որ ծրագիրը նախատեսված է կրթություն-աշխատաշուկա կապն ամրապնդելու համար: Այնուհետև կարիերայի և մարքեթինգի բաժնի պետ Կարեն Բաբաջանյանը ներկայացրեց «Արարատ» ծրագրի իրականացման համատեքստում նախանշվող քայլերը՝ մասնավորապես պարզաբանելով, որ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը վերանվանվելու ու կոչվելու է մարքեթինգի և աշխատաշուկայի հետ կապերի կենտրոն:

Այն առավել ամրապնդելու է համալսարան-աշխատաշուկա համագործակցությունը, ստեղծելու և մշտապես համալրելու է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների շրջանավարտների տվյալների բազա, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և ճկուն արձագանքելու աշխատաշուկայի, գործատուների պահանջներին: Կարեն Բաբաջանյանը նաև ներկայացրեց Պալերմոյի համալսարանում ուսանողների կարիերայի կազմակերպման փորձը:

«Այս ծրագրի հիմնական նպատակը գործատուների պահանջներին համապատասխանելն է և այդ համատեքստում կրթական ծրագրերը  աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելը: Մինչև 2013թ վերջը մենք ամբիոններին կներկայացնենք կրթական ծրագրեր կազմելու ուղեցույց»,-սեմինարը եզրափակեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին