Այսօր Հայաստանի Անկախության օրն է
Այսօր` սեպտեմբերի 21-ին, նշվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության օրը` 22-րդ տարեդարձը:
Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում:
Անկախության հռչակագրի ընդունումից հետո Գերագույն խորհրդի որոշմամբ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ, «այո» ասաց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը եղավ Լիտվան, որը ՀՀ-ն ճանաչել էր դեռ մինչև անկախության հռչակումը /1991թ. օգոստոսի 14/: 1991 թ.-ի ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության ընդունումից հետո Հայաստանը թևակոխեց պատմության նորագույն շրջան` բռնելով զարգացման նոր ուղի: Այսօր այն 22-ամյա երիտասարդ պետություն է , որն ունի իր տարբերանշանները` դրոշը, զինանշանն ու օրհներգը:
Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ և մաղթում, որ բոլորս քաջ գիտակցենք անկախության արժեքն ու միշտ ապրենք խաղաղ երկնքի տակ` կայացած, հզոր Հայաստանում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին