Նոր ուսումնական տարվա մեկնարկը ՀՊՏՀ մասնաճյուղերում

Դիտումների քանակ՝ 918

Նոր ուսումնական տարին շուքով և տոնականորեն են դիմավորել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական մայր համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում:

Ինչպես տեղեկացանք ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանից, տոնական միջոցառման ընթացքում մասնաճյուղի բոլոր ուսանողները արժանացել են  ղեկավարների, դասախոսների, դասընկերների ջերմ շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին: Տնօրեն Սամսոն Դավոյանը, փոխտնօրեններ Անդրեյ Ավետիսյանը և Պարույր Գոմցյանը նոր` 2013-2014 ուսումնական տարում իրենց ուսանողներին մաղթել են արդյունավետ ուսումնառություն, հետաքրքրական ու բովանդակալից ուսանողական կյանք, իսկ նորեկներին քաջալերել համարձակ ու եռանդով հարմարվել նոր կարգավիճակին ու միջավայրին:

Մասնաճյուղի առաջին կուրսեցիներին հաճելի անակնկալ են մատուցել ուսխորհրդական ավագ ընկերները. նրանք պատրաստել և ներկայացրել են մասնաճյուղի մասին պատմող փաստագրական ֆիլմ:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, ի տարբերություն մի շարք բուհերի,  նոր ուսումնական տարին դիմավորել են հենց սեպտեմբերի 1-ին: Այդ օրը բուհը ոչ միայն ընդունել է իր նորաթուխ ուսանողներին, այլև հանդիսավոր կերպով իր շրջանավարտներին հանձնել դիպլոմները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, այս տարի բուհն ավարտել և դիպլոմ են ստացել 25, իսկ բուհ են ընդունվել 43 հոգի: Սեպտեմբերի 1-ին Եղեգնաձորի մասնաճյուղում հյուրընկալվել են Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես են եկել տնօրեն Սոս Խաչիկյանը, ուսանողներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը:

Ավանդական ու գեղեցիկ մի իրողությամբ շրջանավարտները բարի գալուստ են ասել հարազատ բուհի նորելուկ ուսանողներին, իսկ վերջիններս բարի երթ մաղթել շրջանավարտներին` խոստանալով արժանի դառնալ ուսանողի պատվավոր կոչմանը:

Ս. Խաչիկյանը տեղեկացրեց նաև, որ նոր ուսումնական տարում  բուհն իր ուսանողներին դիմավորել է գեղեցիկ բակով, որը  բարեկարգվել է մայր բուհի և տեղի կամավորների աջակցությամբ: Տնօրենը նշեց նաև, որ ամբողջովին պատրաստ են դասացուցակներն ու ուսումնական գործընթացին առնչվող ծրագրերը, իսկ դասերը կմեկնարկեն վաղվանից` սեպտեմբերի 3-ից:

Լուսանկարները` ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից և ՀՈՒԱԱ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին