ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքի խոսքը նոր` 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

02.09.2013
Դիտումների քանակ՝ 1739

Սիրելի առաջին կուրսեցիներ, ուսանողներ

Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ, իսկ ձեզ՝ սիրելի առաջին կուրսեցիներ, ուսանողի բարձր կոչումը ստանալու առիթով: Կրթական բազմազան ծառայությունների և բարձր մրցակցության ներկա պայմաններում մեր բուհն ընտրելու Ձեր որոշումը ևս մեկ անգամ փաստում է մեր համալսարանի՝ բարձրորակ տնտեսագետ կադրեր պատրաստողի բարի համբավն ու անխախտ հեղինակությունը, ինչը նաև մեզ համար պարտավորեցնող է:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, շարունակելով համալսարանական կրթության իր բարի ավանդույթներն, այսօր զարգացման ավելի բարձր նշաձող է սահմանել՝ փորձելով համապատասխանել կրթական եվրոպական չափանիշներին: Մենք արդեն երկու տարի է «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո բուհում բարեփոխումների համալիր ծրագիր ենք սկսել: Ստեղծել ենք բուհի նոր դրոշը, կարգախոսը, բրենդային գույները, տարբերանշանները, ձևաթղթերը, ունենք հրաշալի կայք, որը լավագույնն է բուհական կայքերի մեջ, իսկ վերջին օրերին վարկանշային սանդղակում առաջին հորիզոնականում է: Այսինքն՝ մենք փոփոխությունները սկսել ենք բուհի արտաքին տեսքից՝ փորձելով տարբերվել կրթական համակարգում, լուրջ քայլեր ենք ձեռնարկում կրթության որակի բարձրացման ուղղությամբ, որոնց նպատակը բարձրակարգ, բանիմաց և աշխատաշուկայի համար պահանջված կադրերի պատրաստումն է: Այսօր մեր գերնպատակն է ուսանողին աշխատաշուկայում արժանի տեղ ապահովելը, որի համար գործնական քայլեր ենք կատարել՝ համագործակցություն հաստատելով պետական և մասնավոր հատվածի հետ: Արդյունքում մեր թողարկած կադրերը գտնում են իրենց արժանի տեղը կոնկրետ գործատուների մոտ:

Սիրելի ուսանողներ, մեր համալսարանում հավակնոտ քայլեր են կատարվում նաև բուհը գիտահետազոտական կենտրոն դարձնելու ուղղությամբ: Այս համատեքստում նշանակալի իրադարձություն էր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը: Հուսով ենք,  այն զարգացման և առաջընթացի լավ հնարավորություն կլինի նաև գիտության ճանապարհն իրենց համար որպես կյանքի ուղի նախանշած մեր բազմաթիվ ուսանողների համար:  Այս կենտրոնում աշխատանքի պետք է անցնեն և աշխատավարձ ստանան ոչ միայն դասախոսները, այլև մեր ուսանողները:

Կրթական ծառայությունների որակի բարձրացմանը միտված բազմապիսի ու տարբեր ուղղություններով մեր քայլերն անընդհատական են և ընդգրկում են որակյալ կրթությունից մինչև հարմարավետ, բարեկարգ միջավայրի ստեղծում:  Ամբողջ բուհն այսօր բարեկարգվում է, և մենք արդեն ունենք համալսարանական գողտրիկ բակ, սպասարկման նոր չափանիշներով հիմնանորոգված ու կահավորված ճաշարան, որտեղ սնունդը ձեզ հասանելի է դառնալու նվազագույն գներով,  միջազգային ծրագրերի անցկացման նորագույն կենտրոն՝ հագեցած ամենաբարձր տեխնոլոգիաներով, համակարգչային և տեխնիկապես հագեցած լսարաններ, որոնց թիվն օրըստօրե մեծանում է, ինտերնետ կապ ամբողջ բուհում, WiFi կապ մեր համալսարանի բակային տարածքում, էլեկտրոնային գրադարան և քարտադարան, փոխգործակցության տարբեր օրինակների արդյունքում՝ տարատեսակ կենտրոններ, կազմակերպությունների անկյուններ: Մեր տասնյակ ուսանողներ ամառային հանգիստն անվճար անցկացնում են մեր համալսարանի Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանում: Ունենք վերանորոգված և նորովի կահավորված հանրակացարան, որը գրեթե անվճար սպասարկելու է ձեզ:

Սիրելի առաջին կուրսեցիներ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անդրադառնալ ուսման վարձերի որոշակի բարձրացմանը և շեշտել, որ դրա տակ կա սոցիալական լուրջ փաթեթ: Վաղվանից սկսած ես բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպումներ կունենամ և կներկայացնեմ մեր բուհի կողմից մշակված և այս ուսումնական տարվանից գործողության մեջ դրված կանոնակարգը: Այն նախատեսում է կրթաթոշակների, զեղչերի, նպաստների, փոխհատուցումների համալիր և ճկուն մի համակարգ, որով բուհի ղեկավարությունը երաշխավորում է, որ լավ սովորող, բայց սոցիալապես անապահով որևէ ուսանող չի զրկվելու կրթություն ստանալու հնարավորությունից: Այնպես որ, կոչ եմ անում ձեզ մտածել միայն ու միայն լավ սովորելու մասին, իսկ սոցիալական խնդիրներն ու ուսման վարձերի բեռը թեթևացնելու մասին կմտածի բուհի ղեկավարությունը: Այսինքն ձեզ համար կստեղծվեն շատ նպաստավոր պայմաններ, իսկ ձեզ մնում է միայն մեկ բան անել՝ սրբորեն կատարել ուսանողի ձեր պարտքը, այսինքն՝ լավ սովորել:

Սիրելի ուսանողներ, վստահեցնում եմ, որ մենք առավել մեծ բարձունքների ենք հասնելու,  և այս առումով ես խիստ կարևորում եմ Ձեզ հետ համագործակցությունը: Մեր գործունեությունն ուսանողակենտրոն է, ուստի, ակնկալում եմ փոխադարձ ըմբռնում և ջանքերի համատեղում: Հավատացած եղեք, որ Ձեր բոլոր դրական նախաձեռնությունները կարժանանան բուհի ղեկավարության աջակցությանը:

Հարգելի ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ, քանի որ հայ ծնողի ամենամեծ փափագը իր երեխային բարձրագույն կրթության տալն է: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք ձեր երեխաների համար որակյալ կրթություն ապահովելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեր նորամուտը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, մաղթում մեծագույն հաջողություններ և բարի երթ:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Կորյուն Աթոյան