Ուսումնական նոր տարին սկսված է. շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, հուզումնառատ պահեր ( լուսանկարներ)
Ուսումնական նոր տարին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվեց ավանդույթի համաձայն` տոնական հանդիսավորության գունեղ մթնոլորտում: Համալսարանն իր դռները բացեց բոլոր ուսանողների առջև՝ առանձնահատուկ շեշտադրելով նրանց մուտքը, ովքեր հրաժեշտ տալով դպրոցական նստարանին` տակավին մի քանի ամիս առաջ դիմորդ էին և հաղթահարելով ընդունելության քննությունների մրցութային շեմը՝ այսօր դարձել են տնտեսագիտական մայր բուհի ուսանող:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն իր խոսքն առաջինը հղեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին` այցելելով Զեյթուն թաղամասում տեղակայված մասնաշենք: Ուսանողներին, առաջին կուրսեցիներին, նրանց ծնողներին և գործընկերներին ողջունելով՝ ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց մեր համալսարանի ավանդույթները, խոսեց վերջին տարիներին բուհում արված բարեփոխումների մասին, անդրադարձավ համալսարանի ղեկավարության կողմից կրթության որակի բարձրացմանը միտված քայլերին: Այս ֆակուլտետի ուսանողներին շնորհավորեց նաև տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը՝ շեշտադրելով, որ թեև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը մայր բուհից ֆիզիկապես հեռու է գտնվում, սակայն դա չի խանգարելու այստեղի ուսանողներին լինել հոգատար աչքի ներքո և արագ ինտեգրվել համահալսարանական կյանքին:
Այնուհետև Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում, ապա նաև նույն մասնաշենքի մեկ այլ դահլիճում շնորհավորեց համալսարանի մյուս բոլոր հինգ ֆակուլտետների նորընծա ուսանողներին, մաղթեց բարի գալուստ և ուսումնառության բարի երթ:
«Հայաստանի Հանրապետությունում կան բազում մասնագիտություններ, բազմաթիվ բուհեր, և դրանց շարքում դուք ընտրել եք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Դա իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, մեզ պարտավորեցնում: Դա հավաստում է, որ հանրապետության բուհերի շարքում մեր համալսարանն ունի իր բարձր վարկանիշը»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը, ապա առաջին կուրսեցիներին ներկայացրեց բուհի գործունեության հիմնական ուղղությունները` ուսումնական գործընթացի նորամուծություններից մինչև տեխնիկական հագեցվածություն ու բարեկարգ միջավայր:
Անդրադառնալով վարձավճարներին` ռեկտորը հավաստիացրեց, որ դրա հետևում գործելու է մի մեծ սոցփաթեթ, և ուսանողներն, ըստ էության, ավելի շատ արտոնություններ են ունենալու, քան նախկինում: Ռեկտորը տեղեկացրեց, որ համալսարանը մարզերից եկած ուսանողներին ապահովելու է հանրակացարանային գրեթե անվճար պայմաններով, ճաշարանը գործելու է նվազագույն գներով: «Վաղվանից սկսած ես բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպումներ կունենամ և կներկայացնեմ մեր բուհի կողմից մշակված և այս ուսումնական տարվանից գործողության մեջ դրված կանոնակարգը: Այն նախատեսում է կրթաթոշակների, զեղչերի, նպաստների, փոխհատուցումների համալիր և ճկուն մի համակարգ, որով բուհի ղեկավարությունը երաշխավորում է, որ լավ սովորող, բայց սոցիալապես անապահով որևէ ուսանող չի զրկվելու կրթություն ստանալու հնարավորությունից: Այնպես որ, կոչ եմ անում ձեզ մտածել միայն ու միայն լավ սովորելու մասին, իսկ սոցիալական խնդիրներն ու ուսման վարձերի բեռը թեթևացնելու մասին կմտածի բուհի ղեկավարությունը: Այսինքն` ձեզ համար կստեղծվեն շատ նպաստավոր պայմաններ, իսկ ձեզ մնում է միայն մեկ բան անել՝ սրբորեն կատարել ուսանողի ձեր պարտքը, այսինքն՝ լավ սովորել»,- հայտարարեց Կորյուն Աթոյանը:
Շնորհավորելով առաջին կուրսեցիների ծնողներին` ռեկտորը նշեց. «Հայ ծնողի կյանքի մեծ երազանքն է զավակին կրթության տալը: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք ձեր երեխաների համար որակյալ կրթություն ապահովելու համար: Հավաստիացնում եմ` մեր համալսարանի լավագույն շրջանավարտներին գործատուները ձեռքից ձեռք են խլում»: Ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Koryun_Atoyan_septemberi_2.pdf:
Համալսարանի նորեկներին շնորհավորանքի խոսք հղեց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը` կրկին հիշեցնելով, որ առաջին կուրսեցիները կատարել են իրենց կյանքի կարևորագույն քայլերից մեկը, առաջին լուրջ հաղթանակը, որը պետք է ամրապնդել լավ սովորելով, ուսանողի ճիշտ կեցվածքով: Նա նշեց, որ տնտեսագիտական համալսարանն այն բուհն է, որտեղ ուսանողի ձայնը լսելի է և կարծիքը հաշվի է առնվում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները նորընծա ուսանողներին դիմավորեցին համալսարանի պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի համարներով, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքում մեր բուհի պաշտոնական էջի մասին ծանուցող բազմերանգ թերթիկներով:
Ողջույնի խոսքերից ու շնորհավորանքներից հետո դեկաններն առաջին կուրսեցիներին ուղեկցեցին ֆակուլտետներ, որտեղ սկսվեց առաջին խորհրդանշական ու միաժամանակ իրական դասը:
Այսօրվանից ֆակուլտետներում նորեկներին կհանձնվեն «Ուսանողի ուղեցույց» տեղեկատվական գրքույկները, որտեղ հանգամանորեն շարադրված են ուսանողի իրավունքներն ու պարտականությունները, ուսումնական գործընթացի մասին կարևոր ու առանցքային դրույթները: Այն ամբողջությամբ տեղադրված է նաև բուհի պաշտոնական կայքում՝ asue.am հասցեով:
Միանալով բոլոր ջերմ խոսքերին՝ մենք նույնպես ողջունում ենք առաջինցիների նորամուտը և մաղթում գիտելիքի, մասնագիտական հմտությունների ձեռք բերման արդյունավետ տարիներ, որոնք, համոզված ենք, հագեցած կլինեն նաև ուսանողական հարուստ առօրյայով՝ նոր ծանոթություններով, բազմաբնույթ միջոցառումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին