ՀՊՏՀ ուսխորհրդի նախաձեռնությամբ լույս է տեսել «Մարտական հաշվարկ» գիրքը

Դիտումների քանակ՝ 1081

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի խորհրդի երաշխավորությամբ լույս է ընծայվել «Մարտական հաշվարկ»  գիրքը` նվիրված ՀՊՏՀ զոհված ուսանող ազատամարտիկներին: Գրքի հեղինակն է ՀՊՏՀ ուսանող, ուսանողական «Էկոնոմ plus »ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը:

Ծանոթագրությունից տեղեկանում ենք, որ այն տարեգրություն է, որտեղ փորձ է արվել ներկայացնել ՀՊՏՀ (նախկին ԵԺՏԻ) զոհված ուսանող ազատամարտիկների կյանքը և անցած փառավոր մարտական ուղին:  Գիրքը բացառիկ է հատկապես նրանով, որ ներկայացված փաստերի, հուշերի և լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:

Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ երիտասարդներ, թողնելով ուսանողական լսարանները, զենք վերցրին և միացան ուժգնացող ազգային-ազատագրական պայքարին: Նրանց շարքերն ակտիվորեն համալրեցին նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: Գիրքը ձոնված է հենց այս քաջորդիներին:

Հեղինակը գրքի հրատարակմանն օժանդակելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին, ուսանողներին,  ՀՊՏՀ ներկա և նախկին աշխատակիցներին, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանին, «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, մայոր Գնել Շահնազարյանին, Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանին, թիվ 18 և թիվ 62 դպրոցների տնօրեններին: Նախատեսվում է գրքի շնորհանդեսը կազմակերպել սեպտեմբերին:

ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին անցած տարիներին գրվել է՝ մասնավորապես բուհի «Տնտեսագետ» ամսագրում, սակայն նրանց մասին բոլոր պատմությունները, հին և նոր տվյալները մեկ հրատարակությամբ չեն եղել: Շնորհավորում ենք Ուսանողական խորհրդին և Հայկ Բեջանյանին պատմությունը մեկ հրատարակությամբ վավերացնելու այս կարևոր աշխատանքն իրականացնելու կապակցությամբ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին