Սենսացիոն վարկանիշ. առաջին անգամ` ՀՊՏՀ պաշտոնական կայքը 1-ին հորիզոնականում է

Դիտումների քանակ՝ 1015

Սիրելի այցելուներ, ՀՊՏՀ-ականներ, մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքը`asue.am,  հայկական վեբ- կայքերի վարկանիշային կայքում / circle.am/  առաջատարի դիրք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «Կրթություն և գիտություն» բաժնի ներքո, որտեղ ներկայացված են կրթության և գիտության ոլորտի կայքերը:

Սա նշանակում է, որ մեր մշտական այցելուները  մեծ հետաքրքրությամբ են ընթերցում հարազատ բուհի մասին լուսաբանվող իրադարձությունները: Հայկական բուհերի պաշտոնական կայքերի նկատմամբ մշտապես առաջատարի դիրք ունենալը լավագույն հավաստիքն է  այն ամենի , որ մեր նվիրված աշխատանքը տալիս է իր հաճելի արգասիքը: Հաճելիորեն նկատում ենք, որ ամեն օր մեր կայքն ունենում է այցելությունների հետաքրքիր շարժ` պարբերաբար առաջընթաց արձանագրելով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները կիսում են ուրախությունը մեր այցելուների և ՀՊՏՀ-ականների  հետ ու վստահեցնում, որ շարունակելու ենք աշխատել նույն ոգով՝ Ձեզ մատուցելով օպերատիվ և հավաստի տեղեկատվություն: Ընդամենը 1 տարի, 8 ամիս առաջ ստեղծված ՀՊՏՀ պաշտոնական կայքի ներկա հաջողության հետևում կանգնած է բուհական մեծ կոլեկտիվ՝ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի ղեկավարությամբ: Բոլոր ստորաբաժանումների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության, ի դեմս ՀՊՏՀ ուսանողական խորհրդի, սրտացավ վերաբերմունքի շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել մեր բուհի պաշտոնական կայքի լիարժեք կենսագործունեությունը՝ վաստակելով ընթերցողների վստահությունը, որի համար ձեզ, սիրելի ընթերցողներ, շնորհակալություն ենք հայտնում: Նման վարկանիշ գրանցելն էլ ավելի է պարտավորեցնում մեզ՝  մեր աշխատանքը կատարել ավելի պրոֆեսիոնալ և բարեխիղճ ՝ ներդնելով հնարավոր ջանքերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին