«Բոլոր արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին». Արմեն Աշոտյանը ՀՊՏՀ-ում ներկայացրել է բուհական նոր օրինագծեր և ուսանողներին հրավիրել բաց քննարկման

Դիտումների քանակ՝ 1151

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր բուհերի ուսանողական խորհուրդների հրավերով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբին նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել ցանկացած հարց, որ վերաբերում է կրթության համակարգին, թեև առիթը և ուսխորհուրդների հրավերը պայմանավորված է ուսման վարձերի բարձրացման խնդրով: 
Նախարարը խոսել է նախարարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին, ներկայացրել նոր օրինագծեր և պատասխանել է ուսխորհրդականների հարցերին:
«Մեր բանաձևը, որով մենք աշխատելու են և աշխատում ենք` 2 պնդումից բաղկացած բանաձև է: 1-ին պնդումը հետևյալն է, որ ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու բուհերից սոցիալական պատճառներով: Սա մեր գերագույն նպատակն է և այս նպատակին հասնելու համար մի շարք քայլեր արվել են և արվելու են: 2-րդ մեր բանաձևը հետևյալն է, որ ուսման վարձերի թանկացման արդյունքում հավելյալ հավաքագրվող գումարը ավելի քիչ կլինի, զգալիորեն ավելի քիչ, քան պետության և բուհերի կողմից ուսանողների վրա հավելյալ ծախսվելիք գումարը»,- ասել է Արմեն Աշոտյանը և մատնանշել այս 2 բանաձևերի կյանքի կոչման ուղիները: 
Նա պարզաբանել է, որ սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ամենաանապահով ընտանիքների ուսանողները լավ սովորելու դեպքում իրավունք կունենան ստանալու 50-ից 100 տոկոս զեղչ: Դիմելով ուսխորհրդականներին` նախարարը հանձնարարել է հետևել, որ իրականում այդ օգնությունը լինի հասցեական, որ ընթացակարգերը ձևակերպվեն և ուսանողները կարողանան ստանալ իրենց չափաբաժին օգնությունը:
2-րդը, նախարարի ներկայացմամբ, միջին խավի և միջին խավից մի քիչ ցածր սոցիալական խմբերի ուսանողների համար արտոնյալ ուսանողական վարկերն են, որոնք տրվելու են ոչ թե ինչպես նախկինում` 24 տոկոսով, այլ 12 տոկոսով, որտեղ պետությունը լավ սովորող ուսանողի համար 2 տոկոս սուբսիդավորում է նախատեսում, իսկ գերազանցիկների համար` 3 տոկոս և մի շարք արտոնյալ պայմաններ են գործում:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ պատրաստ է ուսման վարձերի որոշումների հետ կապված օրենքի նախագիծը, որով կսահմանափակվեն բուհերի լիազորությունները այդ հարցում: Այն գտնվում է կառավարությունում, մոտ ապագայում քննարկման արդյունքում կառաքվի Ազգային ժողով, որտեղ կքննարկվի առաջնահերթության կարգով:
Նախարարի ներկայացրած 2-րդ օրինագիծը վերաբերում էր ուսանողական զեղչերին: Նոր օրինագծով նախատեսվում է` 1-ը` սահմանել, որ բուհերը վճարովի ծառայությունների հաշվին կուտակած գումարի առնվազն 7 տոկոսը պետք է ուղղեն ուսանողական զեղչերին, վճարովի համակարգի ուսանողների 10 տոկոսը կստանա զեղչ, օրենքով թվարկվում են այն սոցիալական խմբերը, որոնց հասնում է զեղչը: Նախատեսվում է նաև, որ բուհերը նույնպես կարող են սահմանել լրացուցիչ արտոնություններ տարբեր սոցիալական խմբերի համար: Նախարարը տեղեկացրել է, որ բոլոր արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին և ավելացրել , որ օրինագծերը բաց են քննարկման համար, կքննարկվեն նաև Ազգային ժողովում, ապա կլրամշակվեն` պահպանելով սկզբունքները:
Նախարարը հայտնել է նաև կառավարության 2 որոշումների մասին, որոնք պատրաստվել են վարչապետի հանձնարարությամբ: 1-ինը` «Լավագույն ուսանող» կրթաթոշակ է սահմանվելու գիտակրթական 7 առարկայական խմբերում` տեխնիկակականից մինչև հումանիտար, բակալավր և մագիստրոս աստիճաններում: Երեք լավագույնները ստանալու են միանվագ կրթաթոշակ. 3-րդ տեղի համար մոտավորապես ` 150. 000 դրամ, 1-ին տեղի համար` 550. 000 դրամ:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ 2-րդ որոշման նախագիծը վերաբերում է բուհերում պետական պատվերի տեղերի ընդլայնմանը, այսինքն` անվճար կրթություն պետության հաշվին և պետության համար գերակա մասնագիտությունների գծով: Ըստ նախարարի` նվազագույն թիվը, որով կարող է ավելանալ պետպատվերը` 10 տոկոս է, առավելագույնը` 20 տոկոս: 
Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է ուսխորհրդականների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե արդյոք վարձավճարների բարձրացումները կլուծեն հանրակացարանային խնդիրը, Աշոտյանը նշել է, որ կառավարությունն այն քննարկում է որպես մեկ հիմնախնդիր` ուսանողական ավաններ ստեղծելու համատեքստում, բայց և հավելել, որ, օրինակ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դեպքում այդ խնդիրը լուծվում է առանձին բուհում:
Հանդիպման ավարտին նախարարը հորդորել է երիտասարդներին լավ սովորել, օգտվել ընձեռվող արտոնություններից, բայց և կատարել պարտականությունները, մասնակից լինել նոր ծրագրերին` ուղղված կրթության որակի բարելավմանը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ականտես է, օրինակ, ՀՊՏՀ-ում օրեցօր տեղի ունեցող բարեփոխումներին և բարեկարգ ուսումնական միջավայրի ստեղծմանը:

Ուսխորհրդականների հետ հանդիպման ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՊՏՀ նորակառույց ճաշարան, միջազգային ծրագրերի իրականացման նորակառույց կենտրոն, համալսարանի նորակառույց բակ, ինչպես նաև եղել  է  ՀՊՏՀ ուսխորհրդի սենյակում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին