Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում ՀՊՏՀ ուսանողները վայելում են իրենց ամառային հանգիստը

Դիտումների քանակ՝ 978

Այս օրերին Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում իր ամառային հանգիստն է վայելում համալսարանի ուսանողությունը: Այս տարի ևս ՀՊՏՀ ղեկավարությունը հաճելի անակնկալ էր մատուցել` ուսանողական խորհրդին 4-րդ հերթափոխի համար հատկացնելով 50 անվճար ուղեգիր: «Տնտեսագետ» մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանի տեղեկացմամբ, համալսարանի շուրջ 100 ուսանող է հանգստանում բնության այս գեղատեսիլ վայրում: Նրանց շարքում են նաև օգոստոսի 12-17-ը Ծաղկաձորում անցկացված «Բազե-2013» երիտասարդական համահայկական հավաքի մասնակից ՀՊՏՀ ուսանողները, որոնք Դիլիջան են ժամանել օգոստոսի 18-ին: Այս մասին մեզ հայտնեց 2-րդ կուրսի մագիստրանտ, ՀՊՏՀ ջոկատի ղեկավար Հարություն Արզումանյանը: Վերջինս, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում անդրադառնալով «Բազե-2013» հավաքին, տեղեկացրեց, որ այս տարի «Նարնջագույն» և «Կապույտ» ճակատները, վաստակելով հավասար միավորներ, կիսել են հաղթանակը: ՀՊՏՀ ուսանողների 9 հոգուց բաղկացած ջոկատը հանդես է եկել «Նարնջագույն» ճակատի կազմում: 15 ջոկատից բաղկացած վերոնշյալ ճակատի կազմում է եղել նաև վետերան բազեականների ջոկատը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ուժերը չափելով մարզամշակութային տարբեր միջոցառումներում` ՀՊՏՀ-ականներն անցել են թեժ մրցույթների բովով և գրանցել հաջողություններ: Հարություն Արզումանյանը հատկապես առանձնացրեց Brain ring գիտակների խաղին մասնակցած մեր թիմի մրցելույթները: 
«Մեր ուսանող գիտակները Brain ring-ի ներճակատային ու միջճակատային մրցույթներում գրավել են առաջին տեղը` «Նարնջագույն» ճակատին բերելով առաջին հաղթական միավորները: Ընդհանրապես, ակտիվորեն ենք մասնակցել «Բազե-2013» բոլոր միջոցառումներին և այսօր վաստակած հանգիստ ենք վայելում»,-ասաց ՀՊՏՀ ջոկատի ղեկավարը և հավելեց, որ դիլիջանյան օրերը ևս հարուստ են մարզամշակութային միջոցառումներով: Հարություն Արզումանյանը վստահեցրեց, որ Դիլիջանից կվերադառնան կազդուրված, հանգստացած`լի անմոռանալի հիշողություններով:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը հանգստացողների առաջին հերթափոխն ընդունել է հուլիսի 5-17-ը, երկրորդը`հուլիսի 18-30-ը, երրորդը` հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը: 4-րդ հերթափոխը մեկնել է օգոստոսի 13-ին և կվերադառնա օգոստոսի 25-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին