ՀՊՏՀ ուսանողը` Եվրոպայի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1122

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ փաստում ենք, որ մեր կարճատև արձակուրդի ընթացքում տեղի է ունեցել հաճելի իրողություն. իտալական Ռիետե քաղաքում տեղի ունեցած աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հեռացատկի մրցումներում ոսկե մեդալ է նվաճել Լևոն Աղասյանը, ով մեր բուհի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է, բայց այժմ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ: 
Հիշեցնենք, որ մեր չեմպիոնը Հայաստան է ժամանել հուլիսի 24-ին: Օդանավակայանում նրան դիմավորելու են գնացել նրա ծնողները, հարազատները, Սպորտի և երիտասարդության հարցերի ներկայացուցիչները` փոխնախարար Նազարեթ Մնացականյանի գլխավորությամբ, բազմաթիվ մարզասերներ: Այդ օրը Ն. Մնացականյանը պատվո պսակը Աղասյանին է հանձնել և նշել, որ նվաճած ոսկին առանձնահատուկ է նաև նրանով, որ այն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է, ինչը հպարտություն և ոգևորություն է առաջացնում յուրաքանչյուր մարզասերի, հայ մարդու մոտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը` http://msy.am/news-1-587-page-1.html :
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մեծ հպարտությամբ է արձանագրում այս փաստը, որ Լևոնը մեր այն ուսանողներից է, ով բարձր է պահում ոչ միայն մեր երկրի, այլ նաև մեր բուհի պատիվը: 
Շնորհավորում ենք Լևոնին և մաղթում հաջողություններ թե´ ուսման, թե´ սպորտի բնագավառում: 

Լուսանկարը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին