Գիտելիքների գնահատման բազմագործոնային կարգի փոփոխությունները առկա բակալավրիատի բոլոր կուրսերում կկիրառվեն նոր ուսումնական տարվանից
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 10-ին կայացած ՀՊՏՀ գիտական խորհրդի 2012-2013 ուսումնական տարվա վերջին նիստում ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցել էր գիտելիքների գնահատման բազմագործոնային կարգում փոփոխություններ կատարելու մասին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը խոստացել էր նոր կարգի մանրամասները հրապարակել ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Այսօր ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ գիտական խորհրդի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշումը առկա ուսուցման բակալավրիատում գիտելիքների գնահատման բազմագործոնային կարգում փոփոխություններ կատարելու մասին (որոշումն՝ այստեղ):
Տեղեկացնենք, որ նշված փոփոխությունները կկիրառվեն նոր 2013-2014 ուսումնական տարվանից և կտարածվեն առկա բակալավրիատի 1-ից 4-րդ կուրսերում սովորողների վրա: Այս մասին տեղեկացանք ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանից:
Ի դեպ` օրեր առաջ` հուլիսի 4-ին, ուսումնական գործընթացի կազմակերպման ու գնահատման խնդիրները ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը քննարկել էին ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, պրոռեկտորները նշել էին, որ համալսարանի ղեկավարությունը պատրաստվում է գործողության մեջ դնել գիտելիքների գնահատման բազմագործոնային կարգի բարեփոխված մոտեցումները, որոնցում կարող են տեղ գտնել ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները: Սևակ Խաչատրյանի առաջարկությամբ ակտիվ ուսանողներից կազմվել էր աշխատանքային խումբ, որը համալսարանի ղեկավարությանն էր ներկայացրել ուսանողների ամփոփ առաջարկությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին