Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա վերջին նիստը
Նիստերի սրահում այսօր կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2012-2013 ուսումնական տարվա վերջին նիստը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում անցնող ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներն ամփոփող զեկույցով հանդես եկավ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Անդրադառնալով տարբեր կրթաձևերում առաջինից երրորդ կուրսերում ուսման առաջադիմությանը՝ պրոռեկտորը մասնավորապես ընդգծեց, որ երկրորդ կիսամյակում առկա բակալավրիատում քննաշրջանից հետո առաջադիմությունը եղել է այնքան, որքան նախորդ տարվա նույն կիսամյակին, այսինքն՝ 71,5 տոկոս, առկա մագիստրատուրայում հիմնական քննաշրջանից հետո առաջադիմությունը կազմել է 78,6 տոկոս՝ անցած տարվա նույն կիսամյակի 78,4 տոկոսի համեմատ: Հեռակա բակալավրիատում ուսման առաջադիմությունը կազմել է 43,3 տոկոս՝ նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ, հեռակա մագիստրատուրայում՝ 63,2 տոկոս՝ նախորդ տարվա 45,5 տոկոսի համեմատ: Ամփոփելով՝ Միհրդատ Հարությունյանն ընդգծեց, որ երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցել է առանց արտառոց դեպքերի, իսկ հայտնաբերված թերություններն էլ շտկվում են:
Օրակարգային երկրորդ հարցով ներկայացվեց «Տնտեսագետ» մարզաառողջարանում ուսանողության և աշխատողների ամառային հանգստի նախապատրաստման վիճակը, անդրադարձ եղավ կատարված աշխատանքներին:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց գիտելիքների գնահատման բազմագործոնային կարգում փոփոխություններ կատարելու մասին: Նոր կարգի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում այն ամբողջությամբ հրապարակելով: Ներկայացված հարցերի քննարկումից հետո գիտխորհուրդը միաձայն հաստատեց որոշումները:
Գիտխորհրդի տարեվերջյան նիստում կազմակերպվեցին նաև փակ գաղտնի քվեարկություններ՝ ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոնների համար, ինչպես նաև դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցերը, որոնք հաստատվեցին: Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց 3 ուսումնական ձեռնարկ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին