Շրջանավարտներին նվիրված օրը եզրափակվեց շքեղ համերգով

Դիտումների քանակ՝ 1167

Շրջանավարտներին նվիրված այս ամբողջ օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծել էր հրաշալի մթնոլորտ, որը եզրափակվեց շքեղ համերգով:  Տոնական համերգի շրջանակներում  ՀՊՏՀ բակում հանդես եկան Արամ MP 3-ը և DJ Vakcina-ն:

Համերգային ծրագրին մասնակցեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ում ջերմորեն ողջունեցին բակում հավաքված ուսանողները, ինչպես նաև պրոռեկտորներ, դեկաններ, դեկանների տեղակալներ: Ուսանողության կողքին, ինչպես միշտ, բուհի ուսանողական խորհուրդն էր` ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ և քաջալերմամբ, ինչպես նաև ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ղեկավար Կարեն Բաբաջանյանը, ում ջանքերով էլ կազմակերպվել էր տոնական այս օրը` իր ամբողջ բովանդակությամբ, բակի ձևավորմամբ:

Ջազային շքեղ համերգ, հրաշալի կատարումներ, լուսային և ձայնային գեղեցիկ զուգակցում, բարձրակարգ դիջեյի կողմից պարային երաժշտություն. ահա այսպիսի տրամադրությամբ հարազատ բուհը ճանապարհեց իր այս տարվա շրջանավարտներին: Տոնական համերգի բոլոր մասնակիցները համալսարանի կողմից, ինչպես և խոստացել էինք, նվեր ստացան բուհի տարբերանշանով և բրենդային գույներով շարֆեր:
Համալսարանի ղեկավարությունը ամեն ջանք գործադրել էր իր շրջանավարտներին իսկական տոն պարգևելու համար, որը, հուսով ենք, ստացվեց: Այնպես որ, բարի ճանապարհ ձեզ, սիրելի շրջանավարտներ, թող ապագայի լույսը ձեզ միայն ջերմացնի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին